Ապրիլի 22-26-ը տեղի ունեցած ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական հանձնաժողովում Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպում չի կայացել: Այսօր խորհրդարանում ամփոփելով ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում հայաստանյան պատվիրակության կատարած աշխատանքը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:
Ըստ նրա, երկու պատվիրակությունների ղեկավարների և ԵԽԽՎ գլխավոր քարտուղարի միջև պարբերական բնույթ կրող հանդիպումներում պայմանավորվածություն կա հանդիպումների ժամանակ քննարկված հարցերը գաղտնի պահել ու չհրապարակել: Այդ պայմանավորվածությունը, սակայն, հաճախ ադրբեջանական կողմը խախտում է ու հայտարարություններ անում, որոնք, ըստ Հարությունյանի, սխալ են լինում: Այս անգամ ԵԽԽՎ երկու երկրների պատվիրակությունները չեն հանդիպել, մինչդեռ ադրբեջանական պատվիրակության ղեկավարը հայտարարել էր, թե հանդիպում կայացել է:
Դավիթ Հարությունյանը չբացառեց, որ պատվիրակությունների հանդիպում հետագայում կայանա, քանի որ քննարկման հարց կա, սակայն դա պետք չէ կապել ԵԽԽՎ-ում ԼՂ հարցով ենթահանձնաժողովի գործունեության հետ. «Այդ հանդիպումները որևէ առնչություն չունեն ենթահանձնաժողովի աշխատանքների հետ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ