Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում երեքշաբթի օրը տեղի ունեցած պայթյունի զոհ է գնացել առնվազն 13 մարդ
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում երեքշաբթի օրը տեղի ունեցած պայթյունն առնվազն 13 զոհի պատճառ է դարձել:
Սիրիայի պետական լրատվամիջոցների փոխանցմամբ, քաղաքի Մարջեհ թաղամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնասվածքներ է ստացել առնվազն 70 մարդ, վնասվել են դեպքի վայրի մոտակայքում գտնվող բազմաթիվ շենքեր և մեքենաներ:
«ՍԱՆԱ» պետական լրատվական գործակալության համաձայն, պայթյունն իրականացրել են «ահաբեկիչները»՝ տերմին, որը Սիրիայի պաշտոնյաները նկարագրում են նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ պայքար մղող ապստամբներին:
Կարդացեք նաև
Սիրիայում նախօրեին մահափորձ էր իրականացվել երկրի վարչապետ Վաել ալ-Հալքիի դեմ, որին տեղափոխող ավտոշարասյան ուղղությամբ Դամասկոսում հարձակում էր կատարվել:
Սիրիայի պետական լրատվամիջոցների փոխանցմամբ, Դամասկոսի արևմտյան Մազեհ շրջանում, որտեղ բնակվում է կառավարութան բարձրաստիճան պաշտոնյաների հիմնական մասը, իրականացված պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ, որոնցից հինգը՝ խաղաղ բնակիչներ:
Վարչապետ Վաել ալ-Հալքին սակայն վնասվածքներ չի ստացել:
Արմեն Հովհաննիսյան
«Ամերիկայի Ձայն»