Քիչ առաջ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan-com-ին Գյումրիից հայտնեց, որ ոստիկանության Շիրակի մարզային վարչության, ոստիկանության Գյումրիի բաժնի, ոստիկանության քրեական հետախուզության քրեական վարչության և նույն վարչության արագ հակազդման բաժնի, ինչպես նաև կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի և Գյումրիի քննչական բաժանմունքի աշխատակիցների հետ Գյումրիում հնչած աղմկահարույց կրակոցներից հետո հայտնաբերել և առգրավել են մեծ քանակությամբ զենք ու զինամթերք, այդ թվում՝ Макаров և ТТ տեսակի ատրճանակներ, АКС և АКМ տեսակի ինքնաձիգեր, որսորդական հրացաններ, մեծ քանակությամբ փամփուշտներ, նռնակներ և պայթուցիկներ, «Ռևալվեր» տեսակի ատրճանակներ և այլն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ զենք ու զինամթերքները հիմնականում հայտնաբերվել են Վարդանիկ Ղուկասյանի և Մարտունիկ Գրիգորյանի հարազատների և մերձավորների մոտից:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հայտնաբերված զենք-զինամթերքով կարելի էր զինել մի ամբողջ վաշտ:
Այս պահին օպերատիվ խորհրդակցությունը ավարտվել է ՀՀ ոստիկանության պետ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի մասնակցությամբ:
Խորհրդակցությունից հետո Վլադիմիր Գասպարյանը լրագրողներին հայտնեց, որ հայտնաբերված զենք-զինամթերքի մի մասը որոշ անձինք ներկայացրել են ինքնակամ՝ ոստիկանության հորդորից հետո, և կրկին ՀՀ ոստիկանապետը դիմեց ազգաբնակչությանը, որ եթե ունեն իրենց մոտ պահվող ապօրինի զենք և զինամթերք, ապա ինքնակամ թող ներկայացնեն իրավապահներին, այդ դեպքում նրանք կազատվեն քրեական պատասխանատվությունից։
Կարդացեք նաև
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի