Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ՝ Քաղաքացիական հասարակության ինստիտուտը՝ Քաունթերփարթ Ինթերնեշնլ կազմակերպության հետ համագործակցությամբ, իրականացնում է «Երևանի ավագանու ընտրություններ – 2013» իրավական նախաձեռնությունը, որի նպատակն է պաշտպանել քաղաքացիների իրավունքներն ընտրական գործընթացում: Ծրագիրը կգործի մեկ ամիս՝ ս.թ. ապրիլի 15-ից մինչև մայիսի 15–ը։
Նախաձեռնության շրջանակներում գործում է թեժ գիծը՝ 080-080-804 համարով, որը տրամադրում է անվճար իրավաբանական աջակցություն ընտրություններին առնչվող ցանկացած հարցով և որը կարձագանքի ընտրական իրավունքի խախտումների դեպքում։
Քվեարկության օրը՝ մայիսի 5-ին, գործելու են իրավական շտապ օգնության 10 մեքենաներ` լրագրողի, դիտորդի և փաստաբանի կազմով։ Մեքենաները կշրջեն Երևանի ողջ տարածքով և, անհրաժեշտության դեպքում, կարձագանքեն թեժ գծին ստացված ահազանգերին։
Այս տարի Քաղաքացիական հասարակության ինստիտուտը կիրականացնի նաև դիտորդություն մայրաքաղաքի Ավան թաղամասում։
Կարդացեք նաև
Քվեարկության ընթացքին և խախտումներին վերաբերող տեղեկություններին հնարավոր կլինի հետևել www.hra.am կայքէջում՝ մեր մշտապես թարմացվող լրահոսի միջոցով:
«Երևանի ավագանու ընտրություններ 2013» իրավական նախաձեռնությունը քաղաքականապես չեզոք է և պատրաստ է հավասարապես աջակցել ընտրական գործընթացներում ներգրավված ցանկացած անձի, ում իրավունքները խախտվել են։
«Երևանի ավագանու ընտրություններ – 2013» իրավական նախաձեռնությանն աջակցում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը։
Զառա Ամատունի
Հաղորդակցության գծով ղեկավար
Քաղաքացիական հասարակության ինստիտուտ