ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի եզրափակիչ դիտարկումների
իրականացման մասին 2013 թվականի ապրիլի 30-ին ԵՄ խորհրդատվական խումբը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ համագործակցությամբ կազմակերպել է կլոր սեղան ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի եզրափակիչ դիտարկումների իրականացման վերաբերյալ:
Քննարկմանն իրենց բացման խոսքն են ասել Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամուլի եւ տեղեկատվության բաժնի ղեկավար Օննո Սիմոնսը և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի եզրափակիչ դիտարկումների իրականացման համար կոնկրետ առաջարկություններ անելու նպատակով միջոցառմանը հրավիրվել են ներկայացուցիչներ պետական կառավարման մարմիններից, քաղաքացիական
հասարակության և միջազգային կազմակերպություններից:
2012 թվականի հուլիսին ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը հաստատել է իր եզրափակիչ դիտարկումները քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային պայմանագրի` Հայաստանում իրականացնելու մասին: Հանձնաժողովը կոչ է արել Հայաստանին ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իր մանդատի ամբողջական և
անկախ իրականացման համար, ինչպես նաև արտահայտել է իր մտահոգությունը խտրականության մասին համապարփակ օրենսդրության, կանանց և տղամարդկանց հավասարության մասին կոնկրետ օրենքների, ինչպես նաև ընտանեկան բռնության բոլոր դրսևորումների քրեականացման մասին օրենսդրության բացակայության վերաբերյալ: Հանձնաժողովն արտահայտել է իր մտահոգությունը նաև սեռով
պայմանավորված հղիության արհեստական ընդհատման (սելեկտիվ աբորտ) աճող միտումների վերաբերյալ: Նշվել է նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից ավելորդ ուժի կիրառման
դեպքերում հաշվետվողականության բացակայության մասին:
Քաննարկման ժամանակ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի փորձագետը ներկայացրել է եզրափակիչ դիտարկումների իրականացման լավագույն փորձը, իսկ ԵՄ խորհրդատվական խմբի խորհրդատու Դալիա Զուկաուսկիենեն ըդնհանուր առմամբ ներկայացրել է, թե ինչպես է տեղական մակարդակում իրականացվում եզրափակիչ դիտարկումների իրականացման գործընթացը: ՀՀ արդարադատության նախարար Եղիշե Կիրակոսյանը իր կարծիքն է հայտնել Մարդու իրավունքների
պաշտպանության գործողությունների ծրագրում Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի առաջարկությունների արտացոլման վերաբերյալ: Կլոր սեղանի մասնակիցները նաև քննարկել են եզրափակիչ դիտարկումների կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարի մարտահրավերները:
Ներկայացվել են նաև առաջարկություններ նշված դիտարկումների հետագա իրականացման համար:
Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի մամլո հաղորդագրություն