Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, շարունակվեց դատական վիճաբանությունների փուլը:
Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ, թավրիզցի 73-ամյա Սարգեզ Նոյուկի Անդոունիանի, նրա վարորդի՝ Վիգեն Շաշա Նովասարտիանի պաշտպանները՝ Տիգրան ու Լիաննա Գրիգորյանները, խնդրեցին երկու աշխատանքային օր, պաշտպանական ճառերին պատրաստվելու համար: Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիները մեղադրվում են Հայաստանով այլ երկրներ թմրամիջոցներ տեղափոխելու փորձի մեջ: Ինչպես տեղեկացրել էինք, նրանք դաշնամուրի եւ մանկական վառարանների մեջ տեղադրելով 90 կիլոգրամ հերոին, անարգել անցել էին մեր մաքսային կետերը: «Զվարթնոց» օդանավակայանում նրանց ձեւակերպումները պիտի կատարեր օդանավակայանի 2 տարվա աշխատանքային ստաժ ունեցող Վարդան Մարտիրոսյանը, որը տեղյակ չի եղել «բեռի» մասին:
Վարդան Մարտիրոսյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների անդամ Սերգեյ Մկրտչյանն ասաց, որ պատրաստ է պաշտպանական ճառին, այն սկսեց նրանից, որ այս քրեական գործը սերունդները պիտի գնահատեն: Ապա իր կարճ ճառը փոխակերպեց միջնորդությամբ՝ գործը վերսկսելու եւ Վարդան Մարտիրոսյանին լրացուցիչ ցուցմունք տալու հնարավորություն տալու համար: Նա ասաց, որ իր պաշտպանյալի ցուցմունքը էական նշանակություն կարող է ունենալ: Ի դեպ, դատավարության կողմերը, ՀՀ գլխավոր դատախազության դատախազ Արամ Ամիրզադյանն անգամ չառարկեցին տվյալ միջնորդությանը:
Սա այն դեպքում, երբ մեղադրանքը պաշտպանող դատախազ Արամ Ամիրզադյանը հանդես է եկել արդեն մեղադրական ճառով եւ միջնորդել է, որպեսզի Սարգեզ Անդոունիանը դատապարտվի 15 տարվա, Վիգեն Նովասարտիանը՝ 13 տարվա, եւ ՀՀ քաղաքացի Վարդան Մարտիրոսյանը 12 տարվա ազատազրկման:
Կարդացեք նաև
Դատավոր Կարեն Ֆարխոյանն ասաց, որ գործը վերսկսելու միջնորդության հարցը քննության կառնվի մյուս ամբաստանյալների պաշտպանների ճառերից հետո:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 6-ին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Ի վերջո պետք է բոլորն էլ հասկանան, որ ցանկացած վճիռ մարդկային կյանքերի վճիռ է, Աստված մի արասցե եթե անմեղ մարդուն են դատապարտում-դա արդեն իրոք մարդկային կյանքի խորտակում է… ՈՒ բավական է… բոլորին էլ պարզ է, որ ոչ մի պարսիկ առանց թմրանյութի Հայաստան չի մտնում /թեկուզ անձնական օգտագործման համար/. Պետք է դատապարտեն Մեղրիի մաքսատան աշխատակիցներին, ովքեր աչք են փակում թմրանյութերի ապօրինի ներմուծման վրա. Իսկ գուցե համագործակցւմ են???? Այս ամենը հաստատ խորհելու և անհանգստանալու առիթ է տալիս….