Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում քիչ ամուսնանում են, շատ` ամուսնալուծվում

Ապրիլ 30,2013 15:33

Ամուսնությունների թիվը պակասել է, իսկ ամուսնալուծություններինն` ավելացել: Այս մասին այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց Հայաստանի զագսային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը: Նրա ներկայացմամբ` այս տարվա առաջին եռամսյակում գրանցվել է 4591 ամուսնություն, նախորդ տարվա համեմատ այն նվազել է 1.6%-ով: Այսինքն,ըստ բաժնի պետի, 1000

բնակչի հաշվով 6 ամուսնություն է եղել: Մասնագետի ներկայացմամբ` մարզային կտրվածքով Երեւանում եւ Արարատում ամուսնությունների թիվը նվազել է, իսկ Գեղարքունիքում, Տավուշում ամուսնությունների թիվը համեմատաբար ավել է եղել:

Այս տարվա առաջին եռամսյակում հանրապետությունում ամուսնալուծությունների 897 դեպք է արձանագրվել, նախորդ տարվա 779 դեպքի համեմատ: Տիկին Կույումջյանի խոսքերով` 15.1%-ով աճել են գրանցված ամուսնալուծությունների դեպքերը. «Եթե 2012-ին հանրապետությունում 1000 բնակչից մեկն էր ամուսնալուծվում, ապա այս տարվա առաջին կիսամյակում այդ գործակիցը 1.2 է կազմել»: Բաժնի պետի փոխանցմամբ` ամուսնալուծությունների թիվը Երեւանում, Կոտայքում, Շիրակում, Արարատում, Վայոց Ձորում ավելի քիչ են եղել, իսկ Լոռիում 1000 բնակչից, 1.2-ն է ամուսնալուծվել:

ԱՎԾ տվյալներով` 2011 թվականի մարդահամարով երբեք ամուսնացած չի եղել տղամարդկանց 32.6%-ը, իսկ ամուսնացած են եղել 63%-ը, այս ցուցանիշում ներառված է նաեւ եկեղեցով ամուսնացածների թիվը. «Եթե համեմատենք 2001-ի մարդահամարի տվյալների հետ, ապա ավելացել է երբեք չամուսնացածների մասնաբաժինը 2.6%-ով: 2011թվականի մարդահամարի ժամանակ նշել են, որ 24.6% կանայք երբեւէ չեն ամուսնացել»:

Տիկին Կույումջյանի ներկայացմամբ` 1990-ական թվականների համեմատ, փոփոխվել է նաեւ ամուսնության տարիքը` մոտ 2 տարով, այսինքն 90-ականներին ավելի շատ տղամարդիկ ամուսնանում էին 27 տարեկանում, իսկ այս տարվա կտրվածքով` 29 տարեկանում: Կանանց ամուսնության տարիքը 90-ականներին եղել է 22 տարեկանը, իսկ այսօր` 25:

Aravot.am-ի այն հարցին, թե կա՞ հետազոտություն, թե ինչն է պատճառը, որ ամուսնությունների ու ամուսնալուծությունների թվերը փոփոխվել են, տիկին Կույումջյանն ասաց. «Մեր տվյալները բազա են, որպեսզի տնտեսագետները, սոցիոլոգները, հոգեբանները մանրամասն ուսումնասիրություններ կատարեն այդ ոլորտում եւ պարզեն պատճառները: Մենք փաստն ենք արձանագրում, թե դինամիկան ինչպիսին է: Իմ սուբյեկտիվ կարծիքով, խնդիրը եւ հոգեբանական է, եւ սոցիալ-տնտեսական: Այսօր եւ աղջիկները, եւ տղաները ուշ են ամուսնանում, գուցե ուզում են, նախ հասնեն իրենց նպատակներին, կարիերայի իմաստով, նոր` ամուսնանան»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930