ԵԽԽՎ Հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն այսօր ամփոփեց ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում մեր պատվիրակության կատարած աշխատանքը: ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին հայկական պատվիրակության հինգ անդամներ էին մասնակցում:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ նիստում քննարկվեց ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ զեկույցը, որը հաստատվեց: Պարոն Հարությունյանն ասաց, որ այդ հարցի առիթով թեեւ հայկական պատվիրակության բոլոր անդամները հերթագրվել էին, սակայն միայն ինքն է կարողացել բարձրաձայնել իր ելույթը: Մնացյալ պատվիրակների ելույթները կցվել են գրավոր:
ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի օրակարգից պարոն Հարությունյանը կարեւորեց հետեւյալ հարցը՝ հետմոնիտորինգային երկխոսությունը Թուրքիայի հետ: Մեր պատվիրակներն առաջարկ են ներկայացրել`Թուրքիայի քաղաքացի չհանդիսացող հայ երեխաների կրթական իրավունքի օրենսդրական մակարդակով ապահովման մասին: Այդ առաջարկությանը թեեւ թուրքական պատվիրակության անդամները դեմ են արտահայտվել, բայց վերջնական տեսքով նստաշրջանը հավանություն է տվել սույն առաջարկին: Հիշեցնենք, որ Թուրքիայում այժմ այդ հարցը կարգավորվում է կրթության նախարարի մակարդակով:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ