Հեռուստաընկերություններից մեկի եթերում տեղեկություն է տարածվել, թե «Բարև Երևան» դաշինքի ներկայացուցիչ, կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը համատիրության նախագահ է և մի քաղաքացու` վերելակի գումարը չվճարելու պատճառով անջատել է շենքի վերելակը:
Aravot.am-ի հետ զրույցում տիկին Բախշյանը պարզաբանեց, թե ապատեղեկատվություն է տարածվել ու մանրամասնեց. «Հասարակությունը թող իմանա` Հարավ Արևմտյան Բ-4 թաղամասում ես կազմակերպեցի մեր քաղաքացիների ժողով, և համատիրության նախկին նախագահին հանեցինք պաշտոնից, քանի որ մեր գումարները հավաքեց ու փախավ: Անցկացրինք նոր ընտրություններ: Այդ օրն ինձ ժողովուրդն ընտրեց համատիրության նախագահ: Բայց ես ասացի, որ չեմ կարող և կմնամ նախագահ հասարակական կարգով: Այսօր կառավարիչը Մայիս Հովհաննիսյանն է, իսկ ես հասարակական հիմունքներով հետևում եմ աշխատանքներին»:
Համատիրության կառավարիչ Մայիս Հովհաննիսյանն էլ մեզ փոխանցեց հետևյալը. «Երբեք գումարի պատճառով մեր թաղամասի 37 վերելակներից որևէ մեկը չի անջատվել: Այս պահին էլ անջատած վերելակ չկա, վաղն էլ չի լինելու: Իսկ տիկին Բախշյանը համատիրության նախագահն է հասարակական կարգով, ով ժամանակ առ ժամանակ վերահսկում է մեր աշխատանքը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ