Այսօր «Վարկած» մամուլի ակումբում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի նախկին աշխատակից Արման Մեխակյանը ներկայացրեց համալիրի տնօրինության հետ կապված խնդիրը:
2011թ. օգոստոսին ազատվելով աշխատանքից` նա ակնկալել է ստանալ չորս ամսվա աշխատավարձը, սակայն չստանալով` պարզել է, որ մարզահամերգային համալիրի տնօրինությունը նրանից գումար ունի պահանջելու:
«2008 թ-ի դեկտեմբերից ընդունվել եմ աշխատանքի` որպես գնումների բաժնի մասնագետ: Մինչ 2011թ-ի հունիսի մեկը ընկերությունում աշխատել եմ առանց որեւէ խնդիրների: Դիմումիս համաձայն` ազատվել եմ աշխատանքից, իսկ աշխատավարձի վերջնահաշվարկի գումարն ընկերությունը խոստացավ վճարել օգոստոսին: Երբ նույն ամսին դիմեցի աշխատավարձիս պահանջով, ընկերությունն իմ դեմ որոշակի քայլեր ձեռնարկեց` պահանջելով շուրջ 57 միլիոն 290 հազար ՀՀ դրամի չափով գումար` որպես կորուստ գումար, իբր 2009թ-ից մինչ 2010թ-ի դեկտեմբերը ես ստացել եմ նման գումար եւ ոչ մի ծառայություններ եւ նյութեր ձեռք չեմ բերել: Սակայն ընկերության հաշվապահություն փաստերը եւ թղթերը նայելուց հետո պարզեցինք, որ իմ կողմից ստացված յուրաքանչյուր լումա ծառայել է իր նպատակին: Ընկերության հետ փոխվստահությամբ աշխատելով` ինձ մոտ միայն չի եղել դրամարկղի հետմուտքի մնացորդային` 1 միլիոն 252 հազար 918 դրամը: Փոխվստահությամբ ես մուտք եմ արել դրամարկղ, սակայն անդորրագիրը չեմ վերցրել: Այդ փաստն ինձ մոտ չլինելու պատճառով դատարանը որոշում կայացրեց իմ դեմ` ինձանից բռնագանձել այդ 1 միլիոն 252 հազար 918 դրամը»,-պատմեց Մեխակյանը:
Նա ասաց, որ մինչ Առաջին ատյանի դատարանի վճռի հրապարակումը տեղեկացել է, որ ընկերության դրամարկղի գրքում կա մուտքագրված այդ գումարը, պարզապես մուտքի արտոնագիրն իրեն չի տրամադրվել, ինքն էլ չի պահանջել. «Առաջին ատյանի դատարանում միջնորդեցի, որպեսզի ընկերությունից պահանջեն դրամարկղի գրքի պատճենը, սակայն միջնորդությունս չբավարարվեց: Վճռի հրապարակումից հետո դիմեցի Վճռաբեկ դատարան` ներկայացնելով ընկերության ֆինանսական տնօրենի հայտարարությունն այն մասին, որ 2011թ հունվարի 10-ին իմ կողմից ստացվել է այդ գումարը, մուտք արվել դրամարկղի գիրք: Վճռաբեկ դատարանում պահանջեցի, որ ներկայացնեն դրամարկղի գրքի պատճեն, սակայն իրենց իսկ ներկայացրած փաստաբանն ասաց, որ նման նշումներ գրքում չկան: Հիմա կանգնած եմ խնդրի առջեւ. ինձանից այդ գումարի կրկնակի մուծումն են պահանջում, իսկ ես չունեմ աշխատանք: ԴԱՀԿ-ն էլ անընդհատ բախում է դուռս` տարբեր ծանուցումներով: ԴԱՀԿ-ը գումարը ստանալու համար պետք է վաճառքի դնի իմ տունը: Այդ տուրքերը վճարողը ոչ թե ես պետք է հանդիսանամ, այլ Մարզահամերգային համալիրը»:
Կարդացեք նաև
Մեխակյանի իրավապաշտպանը` Մարինե Գրիգորյանը նշեց, որ որեւէ միջոց փաստորեն այլեւս չկա. «Եթե վճռաբեկ դատարանը վերանայի հանգամանքները, կարծում եմ` հարցին լուծում կտա»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ