Լրահոս
Օրվա լրահոսը

«ԶԼՄ-ների կողմից էապես քիչ ուշադրության է արժանացել «Առաքելություն» կուսակցությունը».Բորիս Նավասարդյան

Ապրիլ 30,2013 14:41

«Այս անգամ մշտադիտարկմանը չենք ներառել «Արմենիա» և «Շանթ» հեռուստաընկերությունները, այն պատճառով, որ և նախագահական, և խորհրդարանական ընտրությունների ընթացքում բոլորից քիչ ուշադրություն էին դարձնում քաղաքական զարգացումներին և իրենց ցուցանիշները այդքան էլ ընդհանուր պատկերի վրա չէին ազդում»,- այս մասին, այսօր «Հենարան» ակումբում ԵՄԱ-ի հրապարակած հեռարձակող մեդիաներում 2013 թվականի Երևանի ավագանու ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման միջանկյալ հաշվետվության ներկայացման ընթացքում ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Մոնիթորինգի արդյունքների համաձայն՝ մեդիաները քաղաքական ուժերի կամ ՀՀ նախագահի հնարավոր թեկնածուների նկատմամբ խտրականություն եւ բացահայտ կողմնակալ վերաբերմունք չեն դրսեւորել:

Բանախոսի խոսքով` այս անգամ առանձնահատկությունը կայանում էր նրանում, որ պետք էր որոշում կայացվեր, թե ինչպես են տարանջատում ու հետազոտում Հայ ազգային կոնգրես կուսակցությունը Հայ ազգային կոնգրեսը որպես կուսակցությունների բլոկ և երկրորդը` ինչպես է հետազոտում «Բարև Երևան» դաշինքը և «Ժառանգություն» կուսակցությունը: «Մենք տալիս ենք այս բոլորի միավորները առանձին, քանի որ մարդկանց մոտ «Ժառանգությունը» ասոցացվում է «Բարև Երևանի» հետ: ՀԱԿ-ի դեպքում կրկին առանձին ենք հաշվարկել»:

Նավասարդյանը նշեց, որ մշտադիտարկման ենթարկվել են 7 հեռուստաընկերություններ, որն ընդգրկում է ապրիլի 7–ից մինչև 24 -ն ընկած ժամանակահատվածը: Մշտադիտարկման ներկայացվող ժամանակահատվածում հետազոտված ԶԼՄ-ների կողմից էապես քիչ ուշադրության է արժանացել «Առաքելություն» կուսակցությունը.»Սա բացատրվում է վեց մրցակիցների համեմատ նրա ակտիվության, հանրաճանաչության և քաղաքական ազդեցության զգալիորեն նվազ աճով»,-ասաց Նավասարդյանը:

Վերջինիս խոսքով` շարունակում է լուրջ խնդիր հանդիսանալ հայ քաղաքական գործիչների բանավիճելու, եթերի բաց քննարկումների մասնակցելու ոչ բավարար պատրաստակամությունը:

Հետազոտված բոլոր ԶԼՄ-ների հանրագումարված տվյալներով Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից լուսաբանման ամենամեծ ծավալի արժանացել է ԲՀԿ-ն.»Եթե «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի ցուցանիշներին գումարենք «Ժառանգություն» կուսակցության այն լուսաբանումը, որը կապված չէ դաշինքում նրա անդամության և ընտրություններին մասնակցության հետ, ապա նրանց միագումար ցուցանիշներն ավելի բարձր կլինեն»,-ընդգծեց Նավասարդյանը:

Անդրադարձերի հաճախականությամբ առաջատարը Հանրապետական կուսակցությունն է, որն իրեն հատկացված եթերաժամանակով զիջում է ինչպես «Բարև Երևանին», «Ժառանգությանը», այնպես էլ՝ ԲՀԿ-ին:

Նավասարդյանը նշեց նաև, որ իրենց կողմից ուսումնասիրված բոլոր յոթ հեռուստաալիքները համաչափ են լուսաբանել, բացառությամբ «Կենտրոն» հեռուստաընկերության, որտեղ ԲՀԿ-ի լուսաբանումը երկու անգամ շատ էր:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930