Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղանկարիչ. «Ո՞ւմ համար են նորակառույցները, եթե Հայաստանն արտագաղթում է» (Տեսանյութ)

Ապրիլ 30,2013 14:22

«Երևանի ավագանու ընտրություններից առանձնակի սպասելիքներ չունեմ: Եթե մեր պատմությանը սթափ նայենք, կհասկանանք, որ երկրի ղեկավարները սպանդի եւ գերության մեջ են եղել: Միանգամից ստանալ սերունդ, որը կարող է լուծել բոլոր խնդիրները, սուտ կլինի եւ ծիծաղելի: Մի քանի սերունդ պետք է անցի, որ «փախեփախ» ապրելը եւ վախը վերանա»,-այսօր «Տեսակետ» ակումբում Երևանի ավագանու ընտրությունների շուրջ կարծիք հայտնեց երաժիշտ Արտավազդ Բայաթյանը:

«Գուցե մտածենք, որ կանաչապատումը եւ բարեկարգումը իրենց գործն է, որը միշտ պետք է արվի, բայց քանի որ լուրջ խնդիրներ ունենք, ակնկալիքներս մեծ չեն»,-հավելեց նա:

Գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանն արձանագրեց, որ Հայաստանը Երևանն է. «Երևանից դուրս ենք գալիս` թշվառության մեջ ենք ապրում: Երևանը արտաքուստ է «եսիմ ինչ» երեւում, բայց բարոյահոգեբանական առումով բոլորի աչքի առաջ անկում է ապրում: Այս առումով քաղաքապետ ընտրելն իրականում մեծ կարեւորություն ունի, որովհետեւ քաղաք-պետության կարգավիճակում ենք կարծես. ամեն ինչ Երևանում է կենտրոնացած»:

Գեղանկարիչը նշեց, որ նախագահական ընտրություններից հետո մեծ մասշտաբների է  հասել արտագաղթը, իսկ թուրքերը մեզանից  լավ գիտեն դրա ցուցանիշները: «Միանգամից շատ շենքեր են սարքվում, բայց դատարկ են: Եթե Հայաստանն արտագաղթում է, ո՞ւմ համար են այդ շենքերը: Արևմտյան Հայաստանում էլ այդպես եղավ` հայերին դատարկեցին  եւ ինչ «կենդանի» ասես լցրեցին»,-ասաց Աղաբաբյանը:

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանի դիտարկմամբ` Երևանի ավագանու ընտրությունները կարեւոր իրադարձություն են, բայց առայժմ պետականություն իրականում չունենք. «Չունենալ` չի նշանակում համամիտ լինել դրա հետ: Զանգվածային դժգոհություններն ուղղված են  մեր պետականության կայացմանը: Մեծամասնությունը երկրից գնում է  անարդարությունից դրդված, ոչ թե գումար չունենալուց: Այսօր ամեն ինչ մոռացել ենք, անգամ  մեր ձեռքով մշակույթ ենք ավիրում, ինչի վառ ապացույցն է ծածկած շուկան»:

Սաշուր Քալաշյանի խոսքով. «Ով էլ լինի քաղաքապետ, այս կառավարության դեմ պայքարելու ուժ չի ունենա. ճնշումների կենթարկվի եւ չի դիմանա»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930