Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կրթական հիմնախնդիրներից մինչև «ֆեյսբուքիստ նախարար»

Ապրիլ 30,2013 13:53

«Կրթության համակարգը վերից վար քաղաքականացված է և գտնվում է իշխանական կուսակցության ձեռքին»,-այսօր «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՅԴ ներկայացուցիչ Արտակ Աղբալյանը և շարունակեց.  «Կրթական համակարգն օգտագործվում է՝ որպես լծակ իշխանության ձեռքին և ընտրությունների ժամանակ այն անմիջապես դառնում է  ընտրական համակարգ ու ծառայում  իշխանությանը: Ուստի առաջին հարցը կրթական համակարգի ապաքաղաքականացումն է: Մենք կարծում ենք, որ կրթության և մշակույթի համակարգերը պիտի առավել ապաքաղաքական լինեն»: Պարոն Աղբալյանը առանձնացրեց մի շարք խնդիրներ կրթության բնագավառում և առաջարկեց մեծացնել նախադպրոցական հաստատությունների թիվը, ընդլայնել ներառական կրթության ցանցը, ապահովել մասնագիտական կողմնորոշման խնդրի լուծումը: «Բարև Երևան» դաշինքի ներկայացուցիչ Անահիտ Բախշյանն էլ ասաց. «Երբ Երևանի ավագանիում ներկայացված լինի «Բարև Երևանը», և հույս ունեմ, որ այդ ավագանիում պիտի նաև ներկայացված լինեն այն քաղաքական ուժերը, որոնք իսկական ընդդիմադիր կեցվածք ունեն, որոնց հետ դաշնակցելով պիտի կարողանանք շատ լուրջ արմատական փոփոխություններ իրականացնել: Բայց քաղաքականություն փոխելը ավագանու խնդիր չէ»: Տիկին Բախշյանը խոսեց կոնկրետ օրինակներով, օրինակ՝ դպրոցի տնօրենները նկատողություն են ստացել, աշխատանքից ազատվել, բայց դրանց հիմքերը չկան: Նա նաև հրապարակեց թիվ 27 դպրոցի օրինակը, որի տնօրենի դեմ քրեական գործ կա հարուցված. «Տնօրենի կողմից ներկայացված տարիֆիկացիան, որը դպրոցի գլխավոր ֆինանսական փաստաթուղթն է և որտեղ ներկայացված են հաստիքները, քաղաքապետարանը չի տպել: Այնինչ քաղաքապետարանը պիտի վերահսկի այդ ամենը»:

Քննարկման ընթացքում հարց բարձրացվեց հաշվետվողականության մասին: Այս կապակցությամբ «Առաքելություն» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Մուրադյանը հեգնեց.  «Նորագյուղում, որը գտնվում է Կենտրոն համայնքում,  նույնիսկ մանկապարտեզ չկա, էլ ուր մնաց հաշվետվողականության մասին խոսելը: Մանկապարտեզների կայքերի մասին խոսելուց առաջ նախ պիտի նշենք, որ մանկապարտեզները ուղղակի պիտի գործեն»:

ԲՀԿ ներկայացուցիչ Թամար Պողոսյանն էլ առաջնային համարեց քաղաքապետարանի, հետո ենթակա կառույցների հաշվետվողականության հարցը.  «Երբ կարդում ես ՏԻՄ մասին օրենքը, այնտեղ դրվում է հաշվետվողականության մեխանիզմի պատասխանատվությունը: Ուրիշ բան է, որ կա անջրպետ քաղաքապետի ինստիտուտի, ավագանու և հասարակության միջև: Ընդհանրացնելով նշեմ, որ բոլոր հիմնախնդիրները տանում են դեպի քաղաքական մենաշնորհ»: ՕԵԿ ներկայացուցիչ Ջուլիետա Թադևոսյանն էլ նկատեց. «Խորհրդային կրթական համակարգը դրական սաղմեր ուներ, և պետք էր հիմնական բաները պահպանել: Բայց միևնույն ժամանակ պիտի նորովի մտածենք: Պետք է վերահսկողության մեխանիզմները դարձնել առավել գործուն, ինչը կապահովի նաև հաշվետվողականությունը»:

Անահիտ Բախշյանն էլ Երևանի քաղաքապետարանն «ամենափակ» կազմակերպություններից մեկը համարեց, որտեղից տեղեկություն ստանալը լուրջ ջանքեր է պահանջում: Հետո էլ հավելեց. «Մեր ծրագրի համապատասխան հասնելու ենք նրան, որ ավագանու նիստերը դառնան հրապարակային, ինտերնետային ուղիղ հեռարձակում ունենան:Մյուս կողմից էլ՝ լուրջ կարծրատիպեր պիտի քանդել, որ ապահովվի հրապարակայնությունը»:

Ա. Աղբալյանն էլ բարձրացրեց դպրոցների կառավարման խորհուրդների ձևական լինելու փաստն ու շարունակեց. «Դրանք այն օղակներն են, որ պիտի վերահսկեն դպրոցի տնօրենի գործունեությունը: Բայց որևէ անգամ տեսե՞լ եք, որ խորհուրդն իր անվստահությունը հայտնի դպրոցի տնօրենի հասցեին: Կամ կարող են դպրոցի տնօրենին քաղաքական դրդապատճառների համար կանչել, գործից ազատել, բայց ո՞վ է հարցնում խորհուրդներին: Դրանք  ձևականորեն ստեղծված մարմիններ են, որոնք ևս քաղաքականացված են: Ոնց որ քաղաքապետարանի գեղեցիկ կակաչները, որ տնկել են ու որոնցով փորձում են մեր աչքերին թոզ փչել, նույնն էլ կրթության համակարգն է»: Ամփոփելով խոսքը՝ պարոն Աղբալյանը նշեց. «Մեզ ֆեյսբուքիստ նախարար, քաղաքապետ, տեխնիկական թիմ քաղաքապետի համար պետք չէ: Չակերտավոր սիրելի իշխանության ներկայացուցիչներ, իշխանությունը ցմահ  ու ժառանգական չէ»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930