Լրահոս
Օրվա լրահոսը

Հրապարակվեց Արտակ Մարդյանի՝ ՀՀ վերաքննիչ դատարան ներկայացրած բողոքի վճիռը

Ապրիլ 30,2013 13:45

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը, նախագահությամբ Արթուր Առաքելյանի, դատավորներ՝ Աշոտ Աբովյան եւ Գալուստ Ղարիբյան, հրապարակեց Արտակի վերաքննիչ բողոքի վճիռը, որը նա ներկայացրել էր ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության, որպեսզի անվավեր ճանաչեին ՄՊԾ-ի կայացրած որոշումն Արտակի փախստականի կարգավիճակը դադարեցնելու մասին եւ պարտավորեցնեին ՄՊԾ-ին կայացնել բարենպաստ վարչական ակտ՝ վերականգնեին Արտակի փախստականի կարգավիճակը: Դատարանը մերժեց Արտակի բողոքը:

Հիշեցնենք, որ «Առավոտն» անդրադարձել էր Արտակի փախստականի կարգավիճակի վերաբերյալ դատական քննություններին: Նա հայց էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան, սակայն վարչական դատարանը մերժել էր, որից հետո Արտակը բողոք էր ներկայացրել վարչական վերաքննիչ դատարան: Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց վարչական դատարանի կայացրած որոշումը, պատճառաբանությամբ, որ Արտակի  ծնողները ստացել են ՀՀ քաղաքացու անձնագիր 2002 թվականին, եւ երբ Արտակը ձեռք է բերել փախստականի կարգավիճակ՝ այդ ժամանակ նրա 18 տարին լրացած չի եղել: Դատարանը մեկնաբանում է, որ «Բողոքաբերի ծնողները՝ մինչեւ Արտակ Մարդյանի չափահաս դառնալը՝ 2002թ. ստացել են ՀՀ քաղաքացիություն, որպիսի փաստը կողմերը չեն վիճարկում։ 11.04.1999թ. ուժի մեջ մտած եւ 24.01.2009թ. ուժը կորցրած՝ «Փախստականների մասին» ՀՀ օրենքի՝ 15.04.2004թ.-ից գործող՝ 20-րդ հոդվածում կատարված փոփոխության համաձայն՝ փախստական երեխաները կորցնում են փախստականի կարգավիճակը, եթե օրենքով սահմանված կարգով նրանց ծնողները ձեռք են բերում ՀՀ քաղաքացիություն։ «Երեխաների իրավունքների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ երեխա է համարվում 18 տարին չլրացած յուրաքանչյուր ոք։ Նշվածի հիմքով, վերաքննիչ դատարանը հաստատված է համարում այն փաստը, որ մինչեւ Արտակ Մարդյանի 18 տարին լրանալը, նրա ծնողները ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն, ուստի, նշված դրույթի գործողության պահից՝ 2004թ. ապրիլի 15-ից, այդ պահին գործող օրենքի ուժով Արտակը՝ որպես փախստական երեխա, կորցրել է փախստականի կարգավիճակը՝ անկախ հետագա օրենսդրական փոփոխություններից եւ անկախ այն հանգամանքից, թե այդ կարգավիճակի կորուստը երբ է փաստվել լիազոր մարմնի կողմից։ Ընդ որում, բողոքաբերի ծնողների՝ մինչեւ 15.04.2004թ. ՀՀ քաղաքացիություն ընդունելու հանգամանքը, տվյալ դեպքում որեւէ նշանակություն ունենալ չի կարող, քանի որ «Փախստականների մասին» ՀՀ օրենքի վերը նշված դրույթը կարգավորել է ոչ թե քաղաքացիություն ստանալը, այլ՝ այդ հիմքով (անկախ այդ հիմքի ծագման ժամանակից) փախստական երեխայի փախստականի կարգավիճակը կորցնելը կարգավորող հարաբերությունները։ Հետեւաբար, նշված դրույթը հետադարձ ուժ ունենալու կամ չունենալու խնդիրը՝ քաղաքացիություն ընդունելու ժամկետի առումով, սույն վեճի համար որեւէ որոշիչ նշանակություն ունենալ չի կարող»: Ուշագրավ է դատարանի մեջբերած այն փաստը, որ կրկնում է ՄՊԾ-ի կայացրած որոշման ճիշտ մեկնաբանությունը, որով էլ դադարեցրել են Արտակի փախստականի կարգավիճակը: Ուշադրություն չի դարձվել կոնվենցիայի եւ ոչ մի կետին, ուշադրություն չի դարձվել այն փաստին, որ Արտակ Մարդյանը, փաստացի, 8 տարի շարունակ ունեցել է փախստականի վավեր վկայական եւ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ: Հետաքրքիր է նաեւ այն փաստը, որ անտեսվել է «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքը, որն ընդունվել է 2008 թվականի նոյեմբերի 27-ին եւ որի  64-րդ հոդվածում նշվում է այն փաստը, թե «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն բռնագաղթած անձինք, ինչպես նաեւ նրանք, ովքեր Հայաստանի Հանրապետությունում ստացել են ժամանակավոր ապաստան, Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում են փախստականներ եւ ապաստան ստացածներ, եթե նրանք մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել են եւ ունեն համապատասխանաբար փախստականի եւ ժամանակավոր ապաստանի վավեր վկայական, եւ նրանց որպես փախստական ճանաչելը, ինչպես նաեւ ժամանակավոր ապաստանի իրավունքը մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը սահմանված կարգով չի դադարեցվել»: Ինչպես հայտնի է, Արտակի փախստականի կարգավիճակը չի դադարեցվել  2004 թվականին, այլ դադարեցվել է 2009 թվականից հետո: Ավելին՝  2004 թվականին Արտակն ունեցել է փախստականի վավեր վկայական, որն էլ համարվել է նրա անձը հաստատող փաստաթուղթը: «Թերեւս չեմ որոշել գործը կբողոքարկեմ ՀՀ վճռաբեկ դատարան, թե ոչ, քանի որ դատարաններին էլ չեմ վստահում, սակայն պետք է շեշտեմ, որ ես ավելին չէի սպասում դատարաններից, քանի որ նույն հիմքով մի դատավորը վճռով մերժում է, իսկ մյուսը՝ բավարարում: Անտեսվել են այն օրենքները, որոնք իսկապես արդիական են, գործում են եւ կանգ են առել այն օրենքների վրա, որոնք ընդհանրապես չեն գործում արդեն մի քանի տարի: Ամեն դեպքում, կա քաղաքացիության մասին օրենք եւ իրենց արած գործից իրենք էլ նույնիսկ գլուխ չհանեցին, չէ՞ որ այդ հանգամանքով ես նույնիսկ քաղաքացի չեմ դառնում: Քանի որ չի պաշտպանվում օրենքի տառը, այդ իսկ պատճառով միայն կվերցնեմ քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայական, որով էլ կկարողանամ ապահովել իմ օրինական շարժը թե Հայաստանում եւ թե Հայաստանից դուրս: Թե ՄՊԾ-ն ինչո՞վ էր զբաղվում տարիներ շարունակ, որ հիմա դադարեցնում է բոլորի կարգավիճակը եւ թե ի՞նչ է շահում դրանից, որ ինձ կանգնեցնում է անհիմն փաստի առաջ… Հիասթափված եմ»,- «Առավոտի» հետ զրույցի ժամանակ անկեղծացավ Արտակը:

Շատ կարեւոր է պաշտպանել օրենքի տառը, որպեսզի երիտասարդների մոտ հիասթափություններ չառաջանան, իսկ հավատը չկորչի սեփական երկրի նկատմամբ:

ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930