Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տաթեւի գանձերը

Ապրիլ 30,2013 13:40

Tatev_2 Tatev_1 Tatev_4Տաթեւն իր չքնաղ վանական համալիրով Հայաստանի հպարտություններից է, վայր, որտեղ օրական 300-400 զբոսաշրջիկ է այցելում, ըստ որոշ հաշվարկների՝ նույնիսկ 800-900: Տաթեւի վանքը հիմնադրվել է 4-րդ դարում, 5-7-րդ դարերում եղել է դպրության կենտրոն, 8-րդ վերջից՝ Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստը: Թե 1136 թվականի երկրաշարժի ու թե տարբեր թվականների ասպատակությունների պատճառով, Տաթեւը քանիցս ավերակվել է, թալանվել: Օրինակ՝ 1170թ.-ին Բաղաբերդը գրաված սելջուկյան թուրքերը կողոպտել են Տաթեւի եպիսկոպոսարանի գանձերը, այրել շուրջ 10000 ձեռագիր։

Տաթեւի համալիրի կազմում են երեք եկեղեցի, գրատունը, սեղանատունը, զանգակատունը, դամբարանը, զանազան օժանդակ շինություններ, ամենապահպանված հնագույն կառույցը Պողոս-Պետրոս եկեղեցին է։

2010 թվականից գործող «ՏաԹեւեր» անունը կրող ճոպանուղին, որը ամենաերկարն է համարվում աշխարհում, 11 րոպեում մարդկանց Հալիձորից հասցնում է Տաթեւի համալիր, այդ ընթացքում այն անցնում է Որոտանի չքնաղ կիրճի, անտառների ու սարերի վրայով: Ճոպանուղու երկարությունը 5,7 կիլոմետր է:

Տաթեւի համալիրում իր ուրույն տեղն ունի Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցուց հարավ գտնվող, այսպես կոչված, «Գավազան սյունը», որը կառուցվել է 906 թվականին՝ Հովհաննես եպիսկոպոսի նախաձեռնությամբ:

Սյունն այնպիսի հորինվածք ունի, որ հրելիս ճոճվում է հիմքի վրա, բայց կրկին վերադառնում իր ուղղահայաց դիրքին: Սյան հետ կապված հավատալիքներ ու պատմություններ կան:

Նշենք, որ դպրության եւ արվեստի կենտրոն համարվող Տաթեւի վանքում է կրթություն ստացել նաեւ Գրիգոր Տաթեւացին, որը աշակերտել է Հովհաննես Որոտնեցուն: Գրիչ, մանրանկարիչ, քանդակագործ եւ ճարտարապետ Մոմիկին է վերագրվում Տաթեւի համալիրի Սուրբ Գրիգոր փոքր եկեղեցին:

«Պանարմենիան Մեդիա գրուպի» միջոցով լրագրողների՝ Տաթեւ այցելությունը ավելի հետաքրքիր դարձավ զբոսավար Դավիթ Բադալյանի շնորհիվ, որն իր ասելիքի մեջ հոգի ու հայրենասիրություն էր ներդնում:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930