Լրահոս
Օրվա լրահոսը

Ի հեճուկս «անցյալի»՝ 3 պոտենցիալ «նախագահական» մրցանակակիր

Ապրիլ 30,2013 13:35

Օրերս Կամերային երաժշտության տանը մեկնարկեց Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հոբելյանին՝ 90-ամյակին նվիրված համերգաշարը: Ուսանող-երաժիշտների մատուցած բարձրարվեստ կատարումներն ապացուցեցին, որ բարձրագույն ուսումնական հաստատության տասնամյակների ընթացքում ձեւավորված լավագույն ավանդույթները շարունակվում են:

Երեկոյի ավարտին երաժշտասերների ու մասնագետների շրջանում կարծիքների կիզակետում էին հայտնվել ուսանող-վոկալիստներ (լուսանկարում), սոպրանո Մանե Գալոյանը, տենոր Արսեն Ստեփանյանը (պրոֆեսոր Սուսաննա Մարտիրոսյանի դասարան) եւ բաս Հովհաննես Ներսիսյանը (ճանաչված օպերային երգիչ Գեւորգ Հակոբյանի դասարան): Նրանք վերջերս մասնակցել են ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի համար ամենամյա մրցույթին, եւ մեզ հասած հավաստի տեղեկություններով՝ հենց այս անունները հաղթանակների ամսում՝ մայիսին նախագահի կողմից կստանան մրցանակները: Դասական մրցանակաբաշխությունները, մանավանդ եթե դրանք ունեն պետական նշանակություն, այդ թվում՝ ՀՀ նախագահի կողմից սահմանված, միշտ էլ առաջ են բերում հասարակական ու մասնագիտական մեծ հետաքրքրություն: Հիշեցնենք, որ հիշյալ մրցույթում երկու տարի է՝ «Երգեցողություն» անվանակարգում մրցանակներ չեն շնորհվել: Սա իսկապես մտահոգող է, քանի որ ունենք հայաստանյան եւ միջազգային հեղինակավոր մրցույթներում դափնիներ շահած վոկալիստներ, որոնք, չգիտես ինչ տրամաբանությամբ, չեն արժանանում մրցույթի ժյուրիի ուշադրությանը: Այս առիթով ժամանակին «Առավոտն» ու մասնագետները քանիցս հայտնել են իրենց տարակուսանքը: Վերջիններս էլ հաճախ հանդիպում են որոշ պատասխանատուների, այս դեպքում՝ մրցույթի կազմակերպիչ «Հայաստան» համահայկական հիմնադրամի դիմակայությանն ու դժգոհությանը:

Ինչպես նախկինում, այս անգամ էլ մենք զրույցի հրավիրեցինք կոնսերվատորիայի պրոֆեսոր Ռաֆայել Հակոբյանցին, քանի որ նա ունի մրցույթների մասնակցության մեծ փորձ, տարիներ շարունակ մասնակցել է այնպիսի հեղինակավոր մրցույթների աշխատանքներին, ինչպիսին են Չայկովսկու անվան, Գլինկայի, որտեղ համագործակցել է անվանի երգիչներ Զարուհի Դոլուխանյանի, Իրինա Արխիպովայի, Մարիա Բիեշուի, Պավել Լիսիցյանի, Եվգենի Նեստերնկոյի եւ մյուսների հետ: Հիմնադիրներից է մեզանում անցկացվող Գոհար Գասպարյանի, Արշավիր Կարապետյանի անվան եւ այլ մրցույթների: Պարոն Հակոբյանցն ասաց, որ այս մրցույթում հիմնական պայքարն ընթանում էր տղամարդկանց միջեւ, իսկ առաջին փուլից հետո կանանց միջեւ. ֆավորիտը Մանե Գալոյանն էր: Մեր զրուցակցի խոսքերով՝ ուսանող երգիչները իսկապես արժանի են նախագահի մրցանակին: Պրոֆեսորը միայն տարակուսանք է հայտնում մրցույթի գնահատման առնչությամբ. «Յուրաքանչյուր տարի մասնակիցների գնահատման ձեւը, չգիտես ինչու, փոխվում է: Օրինակ, միանշանակ ճիշտ չէ բալերով գնահատականներ տալը, պարզ պատճառով՝ արվեստը թվերով չեն չափում: Ճանաչված մրցույթների օրինակով այստեղ էլ պետք է գործի ժյուրիի անդամների քվեարկության պարզ ձեւը: Ի վերջո, մրցույթը հենց անցկացվող ժամանակի արդյունք է, ինչից հետո ոչ մեկը երաշխիք չի կարող տալ մրցանակակիրների հետագա կարիերայի համար: Դա ցույց է տալիս միայն ժամանակը»:

Հիշեցնենք, որ պրոֆեսորը նախկինում այս մրցույթին ունեցել է մասնակիցներ, որոնցից նույնիսկ մեկը՝ Արսեն Սողոմոնյանը (բարիտոն), արժանացել է ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի, իսկ այս տարի կարծես ընդդիմադիր կեցվածք է ընդունել՝ չներկայացնելով եւ ոչ մի երգչի: Ռաֆայել Հակոբյանցը, առանց մանրամասնելու, այս մասին ասաց. «Ուսանողիս՝ Արսենին մրցանակը հեշտությամբ չտրվեց: Ժյուրիի անդամներից 4-ը դեմ էին, իսկ մեկը՝ նախագահը՝ կողմ: Նրանց վերջնական որոշումը ձգձգվեց մեկ ամիս…… Մինչդեռ այսօր Արսեն Սողոմոնյանը Մոսկվայի Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան թատրոնի առաջատար արտիստներից է եւ ապրիլի 26-ին հանդես եկավ Ֆիգարոյի դերերգով՝ Ռոսինիի «Սեւիլյան սափրիչում»՝ խաղընկեր ունենալով աշխարհահռչակ տենոր Բարբերային: Իսկ ներկայացման դիրիժորն էր դարձյալ աշխարհահռչակ Զեդդան»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930