Այսօր ԱԺ-ում ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանը նորից առիթ ունեցավ դուռը շրխկացնելու լրագրողների դեմքին: Ընդ որում՝ մի քանի անգամ: Առիթը լրագրողների հարցն էր՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ «դու պատգամավո՞ր ես, թե՞ գողական» արտահայտության մասին:
Մի շարք օրենքների քվեարկության ավարտից հետո, ՀՀԿ-ական պատգամավորները, այդ թվում՝ Նահապետ Գեւոգյանը շտապեցին դուրս գալ նիստերի դահլիճից եւ մտնել սենյակներ:
Ուշագրավ է, որ երբ լրագրողները մոտեցան նրան, նա վախենալու դեմք ընդունեց, ծամածռություն արեց՝ ծաղրելով իրեն հետապնդող լրագրողներին: Մինչ կհասներ աշխատասենյակ, Նահապետ Գեւորգյանը հասցրեց լսել հարցը: «Ի՞նչ, ձե՞զ է ասել: Ինձ չի ասել նման բան»,- ասաց պատգամավորն ու սենյակի դուռը սովորության համաձայն շրխկացրեց:
Լրագրողները փորձեցին աշխատասենյակի կիսաբաց դռան հետեւից պատգամավորին հուշել իր պաշտոնը եւ գործառույթը, որի մեջ մտնում է նաեւ լրագրողների հարցերին պատասխանելը: Ի պատասխան՝ նա նետեց. «Ի՞նչ ա, արա՛, շա՞ռ եք» ու նորից շրխկացրեց դուռը:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ