Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի եւ ՀՀ մակարդակով

Ապրիլ 30,2013 13:20

«Սիվիլիթաս» հիմնադրամը հեռախոսային հարցում է անցկացրել՝ պարզելու համար, թե ո՞ր խնդիրներն են հուզում երեւանցիներին: Այդ հարցման դեմ կարկառուն սոցիոլոգները գուցեեւ ընդվզեն, բայց ես այն դիտարկում եմ որպես մեր գործընկերների փորձ՝ ավագանու ընտրություններից առաջ եւս մեկ անգամ ուշադրություն դարձնելու մեր մայրաքաղաքի բնակիչներին հուզող հարցերի վրա: Առաջին հարցը դրված է ընդհանուր ձեւով՝ ո՞րն է Երեւանի առաջնային խնդիրը: 27 տոկոսը նշել է աղբահանությունը եւ քաղաքի մաքրությունը, բայց 20 եւ 6 տոկոսը այդպիսի խնդիրներ են համարում, համապատասխանաբար՝ գործազրկությունը, ինչպես նաեւ աղքատությունը եւ սոցիալ-տնտեսական վիճակը:

Հասկանալի է, որ այդ խնդիրները «երեւանյան սպեցիֆիկա» չունեն, ճիշտ հակառակը՝ մայրաքաղաքից դուրս շատ ավելի ցայտուն են արտահայտված: Սակայն հենց սոցիալական դժգոհությունն է ինձ թվում այն հիմքը, որի վրա կառուցվում են մնացած բոլոր դժգոհությունները՝ ինչպես Երեւանում, այնպես էլ ամբողջ Հայաստանում: Բայց սպասել, որ Երեւանի ավագանին կամ քաղաքապետը կարող են այդ դժգոհությունը մեղմել՝ իրատեսական չէ: Նմանատիպ ոլորտ է Երեւանում առողջապահությունը. այս առումով հարցվածների ճնշող մեծամասնությունը՝ 42 տոկոսը, առաջնային է համարում  բժշկական ծառայությունների գինը: Թեեւ պոլիկլինիկաները քաղաքապետարանի կառույցն են համարվում,  չեմ կարծում, որ բուժման գները, բժիշկների կոռուպցիան, հերթերը եւ քաշքշուկը նույն պոլիկլինիկաներում Երեւանի մասշտաբներով լուծվող խնդիրներ են:

Փոխարենը հանրային տրանսպորտի խնդիրը, որն առաջնային է համարում հարցվածների 7 տոկոսը, ամբողջությամբ տեղավորվում է քաղաքապետարանի իրավասությունների մեջ, եւ այստեղ ոչ մի կախարդական փայտիկ պետք չէ: Պարզապես քաղաքապետը, պատգամավորները եւ այլ  ազդեցիկ մարդիկ պետք է հրաժարվեն երթուղային տաքսիների իրենց գծերից, եւ այդ դեպքում նորմալ հասարակական տրանսպորտը, տվյալ դեպքում՝ ավտոբուսները, զգալիորեն կբեռնաթափեն Երեւանի փողոցները: Իսկ ավտոբուսները չեն աշխատի այնպես, ինչպես որ հիմա աշխատում են երթուղային տաքսիները՝ 3 շարքով չեն «խմբվի» կանգառում եւ իրար հետ խելահեղ մրցավազքի մեջ չեն մտնի: Ավտոբուսները կգան այն ժամանակացույցով, որը փակցված կլինի կանգառներում: Պատահական չէ, որ տրանսպորտի վերաբերյալ հարցին պատասխանելիս հարցվածների 10 տոկոսը որպես առաջնային խնդիր նշել է ժամանակացույցի բացակայությունը: Խոստովանենք, որ այդ հարցը Երեւանում լուծված չէր նաեւ կոմունիստական դարաշրջանում, բայց ո՞վ ասաց, որ մենք ընդունակ չենք կազմակերպել, մասնավորապես, քաղաքային տրանսպորտի աշխատանքը եվրոպական մակարդակով: Պարզապես մեր «գծատեր» իշխանավորները պետք է լինեն պակաս չտես ու ագահ:

Առավել մանրամասն այս հարցմանը հնարավորություն չկա անդրադառնալու, սակայն  այս մի քանի օրինակով պարզ է, թե որ խնդիրները կարող են լուծվել քաղաքային, իսկ որոնք՝ հանրապետական մակարդակով: Հարցման մեջ նման հարց էլ կա՝ «ո՞վ պետք է լինի նշված խնդիրների լուծման առաջնային պատասխանատուն»: 34 տոկոսը նշում է քաղաքապետին, 20-ը՝ ՀՀ նախագահին:  Համաձայն չեմ: Ինձ թվում է՝ հակառակն է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարո Մելիքյան says:

    Ինձ թվում է, հարցին պատասխանողները. այնքան էլ չեն սխալվում՝Երևանի ,թե Հանրապետության մասշտաբով լուծվող հարցերը,քանի որ,այնտեղ էլ,այնտեղ էլ՝ՀՀԿ-ի իրավասությունն է գործում։
    Մի խոսքով՝КПСС-ի նման մի բան։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930