Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարող է մեկը հայ լինել, բայց տականք լինել, մյուսը հայ չլինել, բայց ոսկի անձնավորություն լինել»

Ապրիլ 30,2013 13:00

Ղազախստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարը հայ է եղել` Լեւոն Միրզոյանը, ում Ղազախստանում շատ սիրում եւ գնահատում են մինչ օրս էլ: Այդ մասին այսօր ասաց ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը: Այդ բացահայտումը պարոն դեսպանն արեց «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» եւ ՀՀ-ում Ղազախստանի դեսպանատան կազմակերպած համատեղ քննարկման ժամանակ: Քննարկման թեման էր`«Միջազգային եւ միջկրոնական համաձայնություններն իբրեւ երաշխիք`Հայաստանի եւ Ղազախստանի զարգացման եւ Եվրասիական տարածաշրջանում խաղաղության հաստատման»:

Դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը ներկայացրեց իր երկրում ազգային եւ կրոնական փոքրամասնությունների պատմությունը, նրանց նկատմամբ վերաբերմունքը`ընդգծելով. «Ղազախստանի բոլոր տնտեսական ձեռքբերումները հիմնված են քաղաքացիական հասարական զարգացման վրա: Առանց հանդուրժողականության, քաղաքացիական եւ հոգեւոր զարգացման հնարավոր չէ հասնել տնտեսական զարգացումների: Հանդուրժողականությունն ամենագլխավոր բարոյական նորմերից է, որը դեռ հնագույն ժամանակներից հարգել է մեր ժողովուրդը»:

Նա տեղեկացրեց, որ այժմ էլ Ղազախստանում 50 հազարանոց հայկական համայնք կա ու հումորով հիշեց ժամանակին ռուս գեներալի`իր ղեկավարությանն ուղղված նամակից մի հատված, ով հորդորում էր «ռուսական տարրը» Ղազախստանում ավելացնել, քանի որ հայերն այդ երկրում տեղացիների հետ սկսում են հավասարապես կառավարել եւ իշխել:

Ղազախստանում տնտեսական զարգացումների վերաբերյալ իր վերլուծությունները ներկայացրեց նաեւ Ղազախստանի նախագահին կից ստրատեգիական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Լեսի Կառատաեւան:

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանն էլ իր ելույթում ներկայացրեց ազգային եւ կրոնական փոքրամասնություններին վերաբերվող օրենսդրական դաշտը: Նկատեց, որ Հայաստանում եւս ազգային եւ կրոնական փոքրամասնություններին հատուկ խնդիրներ չկան, ու դա է վկայում նաեւ ՀՀ ՄԻՊ-ի զեկույցը:

Հիշեցնենք, որ համաձայն Մարդու իրավունքների պաշտպանի վերջին զեկույցի, մարդու իրավունքների խախտումները Հայաստանում երբեւէ չեն լինում ազգային փոքրամասնության կամ կրոնական անհանդուրժողոկանության հողի վրա: Համենայնդեպս, նման դիմումներ ՄԻՊ-ի գրասենյակ չեն եղել:

Ռուսական համայնքի ներկայացուցիչը դրական համարեց, որ ԱԺ-ի «համապատասխան ներկայացուցչի վերջապես տեսնում են»:  Նա դժգոհեց Հայաստանում գործող օրենսդրության «անգործությունից»:

Հունական համայնքի ներկայացուցիչ Էդուարդ Փոլադովի համոզմամբ տարիներ առաջ Հայաստանում ավելի լավ հիմքերի վրա էին դրված ազգային փոքրամասնությունների խնդիրները: Նա դժգոհեց տեղական չինավնիկների գործունեությունից: Էլինար Վարդանյանն էլ նկատեց, որ դա բացառապես ազգային փոքրամասնություններին չի վերաբերվում, նման մոտեցում կա բոլորի նկատմամբ եւ դա ցավալի ու արագ լուծում պահանջող խնդիր է:

Ընդհանրապես, քննարկմանը ներկա ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները հիմնականում մշակութային, լեզվական ճանաչողականության խնդիրներին առնչվող հարցեր էին բարձրացնում: Հիշեցնենք, որ Հայաստանում 11 ազգային փոքրամասնություններ են բնակվում:

Վարդապես Կոմիտաս Հովնանյանն էլ իր ելույթում քննարկմանը ներկա ազգային եւ կրոնական ներկայացուցիչներին հորդորեց. «Հայաստանից դուք պահանջեք այն, ինչ որ տալիս եք այդ երկրին, իբրեւ այդ երկրի քաղաքացիներ, որպեսզի ինտեգրացիան եւ հանդուրժողականությունը փոխադարձ լինի: Ես ցանկանում եմ, որ մենք միմյանց ընդունենք իբրեւ մարդ: Կարող է մեկը հայ լինել, բայց տականք լինել, մյուսը հայ չլինել, բայց ոսկի անձնավորություն լինել: Մենք պետք է հանդուրժող լինենք որպեսզի հանգիստ ապրենք, այլապես կկործանվենք: Պահեք ձեր ազգային դեմքը, ոգին, բայց միշտ մնացեք մարդ: Իրար սիրելով եւ գնահատելով շատ ավելի հեշտ լինի ապրելը»: Վարդապետն, ընդհանրապես, այն կարծիքին է, որ հայերը հանդուրժող ազգ են:

«Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» ղեկավար Ստեփան Գրիգորյանն էլ իր ելույթում հիշեց դեռ իր ԱԺ պատգամավոր եղած տարիներին Շվեյցարիա կատարած մի այցելության մասին: Այդ երկիրն էլ հարուստ է ազգային եւ կրոնական փոքրամասնություններով: Այդ երկրում օրենսդրական մակարդակով ամրագրված է եւ գործում է մի նորմ, որ եթե տվյալ քաղաքում, ասենք, հինգ-վեց ազգային փոքրամասնություն է բնակվում, ուրեմն, բոլոր պայմանները`սկսած գրագրությունից, պետք է հարմարեցվեն այդ մարդկանց: Պարոն Գրիգորյանը հումորով հիշեց, երբ իրենց պատվիրակության ներկայացուցիչներին Շվեցարիայի ներկայացուցիչը հարցրել էր`ինչպե՞ս կվարվեք, ինչպե՞ս կապահովեք այդ մարդկանց հարմարավետությունը, եթե ասենք երեք տարբեր ազգի ներկայացուցիչ մեկական ընտանիք բնակվում է մի քաղաքում: ՀՀ ԱԺ պատգամավորները միանգամից սկսել են այլընտրանքային տարբերակներ մտածել`այդ մարդկանց այլ քաղաքներում բնակարաններով ապահովելու մասին: Մինչդեռ, Շվեյցարիան, լուծումը գտել է այլ կերպ`եթե գեթ մեկ մարդ կա, պետք է ամեն ինչ անել նրա հարմարավետության համար:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930