Նա դատապարտվեց մեկամսյա կալանքի
Տավուշի մարզի սահմանապահ զորամասի ժամկետային զինծառայող, Կոտայքի մարզի Պտղնի գյուղի բնակիչ, 1994թ. ծնված Պարույր Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց ժամանակավորապես խուսափելու համար 2012թ. դեկտեմբերի 18-ին զորամասի կացարանում մեխով իր ձախ նախազաբազկի ափային երեսի միջին մեկ երրորդի շրջանում ճանկռվածքների ձեւով վնասվածքներ է հասցրել: Նա նույն օրը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ եւ մինչեւ 2013 թվականի փետրվարի 16-ը գտնվել այնտեղ՝ փաստացի շուրջ 2 ամիս խուսափելով զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց:
Պ. Մանուկյանը հանձնված է զորամասի հրամանատարության հսկողությանը: Մանուկյանը նախկինում դատված չէ: Նրա նկատմամբ քեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 363 հոդվածի 1-ին մասով («Անդամախեղելու,հիվանդության, սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունից խուսափելը»): Այս հոդվածը նախատեսում է կալանք՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելը՝ առավելագույնը 3 տարի ժամկետով կամ ազատազրկում՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը ապրիլի 26-ին վճռել է Պարույր Մանուկյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 363 հոդվածի 1-ին մասով եւ դատապարտել է մեկ ամիս ժամկետով կալանքի, որը նա պետք է կրի կարգապահական մեկուսարանում: Դատարանը վճիռ կայացնելիս հաշվի է առել, որ նրա վարքագծի մեջ ծառայության նկատմամբ դրական տեղաշարժ է եղել:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ