Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանական կողմը ակնկալում է արդարացման դատավճիռ

Ապրիլ 30,2013 12:45

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Յուրիկ Մկրտչյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը։ Դատավոր Հրայր Սարգսյանի ԱՄՆ մեկնելուց հետո գործի դատաքննությունը, կարելի է ասել, նորից վերսկսվեց մեկ այլ դատարանի կազմով։ Փոխգնդապետի կոչումով Յու. Մկրտչյանը մեղադրվում է «միասնական դիտավորությամբ», կաշառք ստանալու պատրվակով 2011 թվականի մայիսի 6-ին իր հայրական տանը՝ Արթիկում, ամբաստանյալ Արթուր Գրիգորյանի միջնորդությամբ, ապա նույն տարվա հոկտեմբերին իր աշխատասենյակում՝ ՊՆ շտաբի շենքում երեք հազար ԱՄՆ դոլար կաշառք ստանալու համար։ Կաշառք տալու մասին հայտարարությունը տվել է Էվելինա Սարգսյանը, որը հայտնել էր, թե որդուն՝ Անդրանիկ Սարգսյանին ՀՀ տարածքում գտնվող զորամաս ուղարկելու համար ամբաստանյալը խոստացել եւ ստացել է այդ գումարը։ Ի դեպ, գործի նյութերի ուսումնասիրությունից պարզվում է, որ կաշառք տալու հանգամանքը գործի քննությամբ չի հաստատվել, այդ պատճառով Յու. Մկրտչյանին մեղսագրվել է հանցանք ՀՀ քր. օր 178 հոդվածի հատկանիշով: Իսկ մեղադրանքի հիմքում որպես ապացույց, բացի Էվելինա Սարգսյանի ցուցմունքից, դրվել են նրա մերձավորների ցուցմունքները, ովքեր այդ մասին լսել են Է. Սարգսյանից, այլ ոչ թե ներկա են գտնվել։

Ընդ որում, ըստ Է. Սարգսյանի՝ գումարը տրվել է Յու. Մկրտչյանի հոր էքնահողի արարողությունից մեկ օր հետո, մայիսի 6-ին։

Ի դեպ, ամբաստանյալի պաշտպանը համադրելով վկաների տված ցուցմունքները, ասում է, որ արժանահավատ չեն կաշառատուի հայտարարությունները, քանի որ նշված օրը Է.Սարգսյանը Յու. Մկրտչյանի հայրական տուն չի գնացել, Յու.Մկրտչյանը եղել է Արմավիրում, վերադարձել մայիսի 7-ի երկրորդ կեսին, նա չէր կարող հանդիպել Է. Սարգսյանին, որը նշում է, թե հենց այդ օրն է տվել գումարը։

Վկաներ Ալեքսանդր Պետրոսյանը եւ Ֆելիքս Պողոսյանը նախաքննության եւ դատական քննության ժամանակ հայտնել են, որ Յու. Մկրտչյանին տեսել են մայիսի 6-ին, Արմավիրի ռազմակայանում՝ պոլիգոնում։ Ամբաստանյալ Արթուր Գրիգորյանն էլ պնդել էր, որ նշյալ օրը Է. Սարգսյանը Մկրտչյանի ծնողների տուն չի գնացել, չի մասնակցել նրա հոր մահվան հետ կապված արարողություններին՝ յոթ եւ քառասունքին , որը տեղի է ունեցել մայիսի 8-ին, ընտանեկան նեղ շրջանակում։ Յուրիկ Մկրտչյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանը հայտնել է, որ Է. Սարգսյանը ցանկացել է դիմել բարձրաստիճան զինվորականների՝ որդուն նրա ցանկացած վայրում ծառայության նշանակելու հարցով, սակայն հետագայում իմանալով որ ամբաստանյալ Արթուր Գրիգորյանը մտերիմ հարաբերության մեջ է իր պաշտպանյալ Յուրիկ Մկրչյանի հետ, օգտվել է այդ հանգամանքից եւ «օգտագործել», նրանց բարեկամական կապը։

Է.Սարգսյանին Բալահովիտում ծանոթացրել է Յուրիկ Մկրտչյանին, խնդրելով, որ որդուն տեղավորի Բալահովիտում, անգամ առաջարկել է գումար։ Սակայն Յու.Մկրտչյանը մերժել է ու չի համաձայնել։

Այս գործով մի ուշագրավ դրվագ կա. Է.Սարգսյանը իմանալով, որ զորակոչիկներին տանում են Ղարաբաղ, ինչն անհավանական է, կանգնեցրել է զինվորականների ավտոբուսը և շուրջ 10 րոպե ավտոբուսից իջեցրել և զրուցել է որդու հետ, ինչը խոսում է այն մասին որ Է. Սարգսյանը նախապես պայմանավորվածություն է ունեցել կամ զինվորական ոստիկանության կամ բարձրաստիճան սպայի հետ… Իսկ մինչ այդ դոլարի կապոցը ձեռքին դիմել է Յու. Մկրտչյանի մորը՝ խնդրելով գումարը վերցնել և զանգահարել որդուն, որպեսզի նա Ղարաբաղ մեկնող ավտոբուսից իջեցնի որդուն։

Ապացույցների մեջ դրվել են հեռախոսային խոսակցությունների վերծանումներ, որոնք ընդամենը փաստում են վայրկանները, եւ բովանդակային իմաստով ոչինչ չեն տվել նախաքննության մարմնին, ընդհակառակը   հեռախոսային գաղտնալսումներով ձեռք են բերվել կաշառք տալու հանգամանքը ժխտող ապացույցներ:

Ըստ Է. Սարգսյանի հայտարարության՝  նա   հայտարարություն տալուց առաջ ոմն աշխատակից իրավաբանից ստացել է իրավաբանական խորհրդատվություն, ինչը նշանակում է, որ նա տվել է ակնհայտ կեղծ հաղորդում կաշառք տալու մասին, համոզված լինելով, որ այդպիսի հայտարարության դեպքում կազատվի քրեական պատասխանատվությունից, մի կողմից և երկրորդ, հնարավոր կլինի որդու նկատմամբ պաշտպանական միջոց կիրառելու միջոցով նրան ծառայության պահել Երեւանում մինչև գործի ավարտը, ինչն արվել է», ասում է Յուրի Մկրտչյանի պաշտպանը՝ Հրանտ Գեւորգյանը։

Չկա կաշառք, չի կարող լինել կաշառքի միջնորդություն եւ պաշտպանական կողմը ակնկալում է արդարացման դատավճիռ։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930