Ապրիլի 27-ին Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների կողմից դռնեդուռ ակցիայի ընթացքում հերթական միջադեպն է գրանցվել։ Լուսանկարներում պատկերված կանայք մոտեցել են ակտիվիստներին եւ պահանջել, որ նրանք չմտնեն Սարյան փողոցի շենքերը։ Կանայք ներկայացել են, որպես շենքերի լիազորներ։ «Էս շենքերում մենք աշխատանք ենք արել, բոլորն էլ Տարոնին են ընտրելու։ Դուք ստեղ գործ չունեք»,- ասել է նրանցից մեկը։
Երբ երիտասարդները կանանց անհիմն եւ ապօրինի պահանջին չեն ենթարկվել եւ շարունակել են իրենց աշխատանքը, այս կանայք սկսել են մեկ առ մեկ մոտենալ շենքերի բնակիչներին եւ ասել, որ ակտիվիստներին թույլ չտան մտնել շենքերի մուտքերը եւ քարոզչանյութեր բաժանել։ Կանայք նաեւ փորձել են ակտիվիստների հետ վիճաբանություն հրահրել, սակայն ակտիվիստների զգոնության շնորհիվ նրանց չի հաջողվել դա անել։
Անի ԳԵՎՈՐԳՅԱՆ
«Չորրորդ ինքնիշխանություն»