ՕԵԿ ավագանու թեկնածու Հովհաննես Շահինյանը այն կարծիքին է, որ կուսակցությունների ներկայացրած թիմին նայելով կարելի է հասկանալ՝ կկարողանա՞ն իրականացնել նախընտրական իրենց ծրագիրը, թե՞ ոչ:
Aravot.am-ի հարցին, թե ՀԱԿ-ի ավագանու թիմին նայելով ու հաշվի առնելով, որ թիմը ղեկավարում է նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը, ի՞նչ եք կարծում կկարողանա՞ն իրականացնել ծրագիրը:
Ի պատասխան, պարոն Շահինյանը «Հենարան» ակումբում ասուլիսի ժամանակ պատասխանեց. «Շատ վտանգավոր է, չպետք է թույլ տալ, որ Վահագն Խաչատրյանը նորից պաշտոնավարի: Նրա քաղաքապետ եղած ժամանակ տասնյակ հազարավոր ավտոտնակներով կառուցապատվեցին մեր քաղաքի բակերը, այդ տարիներին եղել եմ Արաբկիրի շրջանային խորհրդի պատգամավոր: Մեր երեխաներին զրկեցինք բակերում խաղալու իրավունքից, մեր տարեցներին զրկեցինք բակերում հանգստանալու իրավունքից»:
Հետո պարոն Շահինյանն ասաց՝ թող գնան ու տեսնեն՝ Կոմիտասի, Հակոբյան փողոցի այգիները ինչպես են վերականգնվում. «Ինչի՞ մասին են խոսում: Խոսքը ու գործը չի բռնում իրար: Թող խոսեն փաստերով, կատարած կոնկրետ աշխատանքով, այն համակարգով, որով կայացրել ես կամ կարող են կայացնել»:
Կարդացեք նաև
Մեր հարցին, թե հատկապես որ հատվածներում է պարոն Խաչատրյանը թույլատրել ապօրինի շինարարություն սկսել, նա ասաց. «Այդ տարիներին հիմք դրվեց վատ կառավարման: Այդ տարիներին հիմք դրվեց, որ մեր անկախ պետությունը վերածվի ընտրակեղծարարների մի հսկայական ինստիտուտի: Այն, ինչի համար ունեցանք հազարավոր զոհեր, մեր անկախության համար մեր ազգը դուրս եկավ պայքարի եւ ձեռք բերեց, մենք 1995-1996 թվականներին այդ ամենը կորցրինք եւ վերածվեցինք լակոտ-լուկուտների, թաղային հեղինակությունների եւ վստահված անձերին ծեծողների ինստիտուտի: Չպետք է թույլ տանք նրանց մոտենալ պետության կառավարմանը, թող նոր թիմ ներկայացնեն: Այդ մարդիկ ապացուցել են, որ համակարգ քանդող էին, համակարգ ստեղծող չեն… ուղղակի քսան տարով հետ ընկանք»:
Պարոն Շահինյանը, նաեւ ամփոփելով քարոզարշավի անցած օրերը, ասաց՝ նորմալ է անցել. «Մեզ հետ որեւէ խնդիրներ, խոչընդոտներ չեն եղել: Ի՞նչ ակնկալիքներ ունենք, գիտենք՝ ՕԵԿ-ը հաղթելու է»:
Մեր հարցին, թե ինչպես կմեկնաբանեք ՕԵԿ-ին ուղղված քննադատությունը, թե ՕԵԿ-ը նորից սկսել է ընդդիմադիր խաղալ, ասաց. «Չեմ տեսնում՝ մեր որեւէ հայտարություն իրականության հետ աղերս չի ունեցել կամ փորձել ենք ընդդիմադիր կեցվածք որդեդեգրել, որ ձայներ հավաքենք… Բոլորս էլ պետք է նպաստենք, որ Արմեն Երիցյանը գա ու իր հմտություններն ու մոտեցումները ներդնի մեր քաղաքի համար»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Այ Հովո ջան, Արաբկիրի թաղապետն էիր, տեսել ենք քո աշխատանքը, բացի Սաթիկ Սեյրանյանից քեզ ով պիտի ընտրի? Աղբահանությունը խայտառակ վիճակում էր, ձյուն էր գալիս՝ ոչ մի հույս, որ փողոցները մաքրվելու են: Արաբկիրի լավագույն թաղապետը՝ ըստ իս, եղել է Երիցյան Ալբերտը, որին կարելի էր տեսնել ամեն բակում ինչ-որ, թեկուզ և փոքրիկ, հարց լուծելիս և որ ամենակարևորն է՝ առանց լրագրողների, առանց տեսախցիկների, առանց PR-ի… Ցավոք կարճ աշխատեց: