Լրահոս
Օրվա լրահոսը

Կուսակցությունների քաղաքականությունը ՀՀ քաղաքացիներին ոչ մի տեղ չի տանում՝ բացի օդանավակայանից

Ապրիլ 30,2013 12:04

Րաֆֆի Հովհաննիսյանն իր առաջադրումով մարդկանց մեջ արթնացրեց այն հույսը, որից էլ այսօր փորձում են օգտվել մասնավորապես ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն. նրանց առաջ բացվել է հնարավորություն՝ օգտվել ընտրողների հույսի առնվազն 5 տոկոսից։ Այն վերաբերմունքը Րաֆֆի Հովհաննիսյանի հանդեպ, որ կա այսօր, իմ կարծիքով, չափազանց անարդար է։ Մինչև փետրվարի 18-ը նրա համախոհը չեմ եղել, նրա քայլերը համարում եմ ոչ այնքան համակարգված, սակայն չնկատել այն, ինչ արեց նա՝ առաջադրվելով, նշանակում Է՝ գիտակցաբար խեղաթյուրել իրականությունը։ Սոցիոլոգները, ընտրական տեխնոլոգները «Ժառանգություն» կուսակցության, ավելի ստույգ՝ «Բարև, Երևան» դաշինքի մասին խոսում են անցյալով, հեգնում են դաշինքի պաստառը՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Արմեն Մարտիրոսյանը՝ ձեռք ձեռքի։ Թեկնածուներից մեկն անգամ նկատեց, թե ինքն իրեն թույլ չէր տա մեկ այլ տղամարդու ձեռքը նման կերպ բռնել…

Երեկ սոցցանցում անգամ հոդվածի վերնագիր տեսա, թե պետք է պատասխանատվության կանչել Րաֆֆի Հովհաննիսյանին, ով մարդկանց մեջ հույս էր արթնացրել ու, ըստ էության, չէր արդարացրել այդ հույսերը։ Սակայն այդ դեպքում իրենց հետ կապած հույսը չեն արդարացրել և ոչ մի կուսակցություն ու դաշինք։ Իսկ ՀՀԿ-ն որևէ տրամաբանության չենթարկվող հետևողականությամբ նպաստում է հուսահատության աճին։

Կուսակցությունների՝ միմյանց չհասկանալու, միմյանց նյարդերի վրա ազդելու քաղաքականությունը ՀՀ քաղաքացիներին, ըստ էության, ոչ մի տեղ չի տանում՝ բացի օդանավակայանից։ Գիտակից, լայնախոհ գործիչները, թվում է, պիտի որ հանգիստ ընդունեն իրականությունն ու այն ռեալ գնահատեն։ Հրանտ Բագրատյանը՝ մեր թերթին տված հարցազրույցում, նկատել է. «Պետք է ասեմ՝ նման գործչի (Րաֆֆի Հովհաննիսյանի.– Լ. Ա.) հետ ոչինչ չի ստացվելու։ Ավելի վատ է, որ նա, այքանից հետո, որպես քաղաքական գործիչ, փորձում է մնալ ջրի երեսին։ Նա պարզապես պետք է հեռանա ասպարեզից, որովհետև, երբ ժողովուրդը մի անգամ գործչի վրա դրույք է կատարում, չի ստացվում, նա արդեն պետք է հեռանա»։ Պարոն Բագրատյանի ներկայությունը նախագահական ընտրություններին այնքան էլ չի հաստատում վերջին միտքը։

Անընդհատ ակնարկվում է, որ, ահա, Երևանի ավագանու ընտրություններին կերևան այն իրական ձայները, որոնք հենց Րաֆֆի Հովհաննիսյանինն են։ Հետո՞։ Դրանից ի՞նչ հետևություն։ Իրականությունն այն է, որ փետրվարի 18-ին դաշտը բացված է, և յուրաքանչյուր ուժ կարող է գործել՝ առանց Րաֆֆի Հովհաննիսյանի անունը՝ որպես ինդուլգենցիա, հնչեցնելու։ Ինքնուրույն, ավելի ազատ։ Ինչպես մեր մանկության խաղերից մեկում, հիշո՞ւմ եք. «Կատարիր մեզ հետ, կատարիր մեզ պես, կատարիր մեզնից լավ»։

Ակնհայտ է, որ ձայների այն տոկոսը, որն իրականում ստացել էր Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական ընտրություններին, «Բարև, Երևան» դաշինքն օբյեկտիվորեն չի ունենա Երևանի ավագանու ընտրություններին։ Մյուս կուսակցությունները ևս չեն կարող հավակնել տպավորիչ տոկոսների։

Սակայն, ի վերջո, ինչո՞ւ նման հայտարարություններով խանգարել կամ նյարդայնացնել միմյանց, վերհիշել՝ ով որտեղ է սայթաքել։ Երևանի ավագանու ընտրությունները ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի և «Բարև, Երևան» դաշինքի համար իրական հնարավորություն են՝ շտկելու անցյալի վրիպումները։ Գեղասահքի մրցույթին ոչ այնքան էական է, թե ինչպես է մասնակիցներից մեկը վայր ընկնում, այլ՝ թե ինչպես է կարողանում վարպետորեն ու պատվով բարձրանալ ու շարունակել կատարումը։

Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

«168 ժամ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930