ՀՀԿ խմբակցության անդամ ԱՇՈՏ ԱՂԱԲԱԲՅԱՆԸ երբեք այդչափ չխոսկան չի եղել: «Կատարվածը մեկնաբանելը շատ դժվար է»,- ասաց պատգամավորը: Բայց երբ հիշեց ոստիկանապետի մի քանի «թունդ» խոսքերը` թասիբը չներեց ու վրա բերեց. «Ո՞նց կարող է Գյումրին կրիմինալ քաղաք լինի: Գյումրին` ամենահայրաքաղաքը, հումորի երկիրը, երբեք հանցագործ քաղաք չի եղել, ու մի քանի հանցագործների պատճառով մի ամբողջ քաղաք պետք չէ համարել հանցագործ»:
Աղաբաբյանը ոչ պակաս վրդովվել էր ոստիկանապետի` «դուք պատգամավո՞ր եք, թե՞ գողական, արա՛» արտահայտությունից: Արձագանքն այսպիսին էր. «Ով ինչքան կրթվածություն ունի, այնքան կարողանում է խոսել»: Իսկ մեր հարցը, թե ովքե՞ր են եղել այն պատգամավորները, ովքեր փորձել են ոստիկանապետին բարեխոսել բերման ենթարկվածների համար, Աղաբաբյանը կամ չլսեց կամ չլսելու տվեց:
ՕԵԿ խմբակցության քարտուղար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ նամուսն ու թասիբը եւս չի ներում հանդուրժելու իր հայրենի` արվեստների քաղաք Գյումրիի հասցեին հնչած «գողական, կլանային» ձեւակերպումները: Նա հիշեցնում էր հանրապետության տարբեր շրջաններում եւս տեղի ունեցած նմանատիպ աղմկահարույց դեպքերը` Արարատ, Գեղարքունիք, Պռոշյան, մատնանշելով. «Հո մեզնով չէ` աշխարհով է»:
Պարզվում է, որ Հ.Մարգարյանը տարիների ընթացքում փորձել է կանխել երկկողմ թշնամանքը: Օրեր առաջ տեղի ունեցած ողբերգությունն էլ մեկնաբանեց այսպես. «Լինում են պատահական, անսպասելի իրավիճակներ, մեկ էլ, պահի տակ մարդ գնում է նման քայլի»։ Բայց ինչպե՞ս եղավ, որ «պահերի տակ» կայացվեց մա՛րդ սպանելու որոշում, ո՞ւր մնաց գյումրեցու թասիբը։ «Հավատացնում եմ, կա ու պաշտպանվում է գյումրեցու ավանդական նամուսն ու թասիբը, այն գյումրեցու արյան մեջ է»,- գտնում է մեր զրուցակիցը:
«Պետք է փորձենք միասին լուծումներ գտնել», առաջարկեց պատգամավորը՝ ինքն էլ չիմանալով, թե ի՞նչը կարող է լինել լուծումը. «Մերանը չեմ գտնում»: Փոխարենը Աշոտ Աղաբաբյանը այսպիսի ելք առաջարկեց. «Բարիշացնող է պետք. մեկը պետք է իր վրա վերցնի էդ գործն ու էդ մարդկանց բարիշացնի»:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ
«Հայոց աշխարհ»
Բարիշացնի ու էլի քրեական պատասխանատվությունից խուսափեն: Հետաքրքիր ա, որ մի հասարակ մահկանացու մի թեթև հանցանք կատարի, էլի Աղաբաբյան կոչվածը հրեշտակի դերում կհայտնվի ու կբարիշացնի: Թե սա էն դեպքն ա, որ էրկու կլաններն էլ մերոնքական են: Էն որ Գյումրին հանցագործ քաղաք ա, դա անհերքելի ա: Էն որ Գյումրում շատ հրաշալի մարդիկ կան ու հարուստ մշակութային ժառանգություն կա, դա էլ ա անհերքելի: Բայց էն, որ էս ամեն ինչը տուժում ա հանցագործ կլանների պատճառով, դա էլ ա անհերքելի ճշմարտություն: Իսկ ամենամեծ ճշմարտությունն էն ա, որ էս բարձիթողի վիճակն առաջացել ա իշխանությունների պատճառով, ովքեր ժամանակին խստագույն չեն պատժել կլանների հանցանքները, այլ միշտ ժամանակավոր “բարիշացրել են” ու ծածկադմփոց արել: Ճիշտն ասաց, ես չեմ էլ մեղադրում վարդանիկներին ու մարտունիկներին: Էտ մարդիկ իրանց էույթամբ էտ են, իրանք պարզապես օգտվել են իշխանության թուլությունից ու փորձում են իրանց իշխանությունը հաստատեն քաղաքում: