Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սովորական երեւանցին ընտրություններին մասնակցում է ոչ թե ելնելով գաղափարական սկզբունքներից, այլ ձգտելով ավելի լավ ապրել

Ապրիլ 30,2013 11:34

Որպեսզի մեկընդմիշտ հասկանալի լինի, թե ի՞նչ ընտրություններ են մայիսի 5-ին կայանալու, պետք է հասկանալ, թե ովքե՞ր են այդ ընտրություններին մասնակցում: Ահավասիկ` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, «Առաքելությունն» ու «Բարեւ, Երեւանը»: Ու եթե վերջինիս չի կարելի միանշանակ անվանել քաղաքական ուժ, ապա մնացյալ բոլորը հենց քաղաքական ուժեր են, այսինքն, եթե մենք մայիսի հինգի ընտրությունները քաղաքական չենք ընկալում, ուրեմն քաղաքական չպետք է ընկալենք նաեւ ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին, ՕԵԿ-ին, ՀՅԴ-ին, ՀԱԿ-ին ու «Առաքելությանը»:

Ուրեմն մենք գործ ունենք քաղաքական գործընթացների ու ընտրության հետ:

Բացի սրանից. ո՞ւմ պետք է ընտրի երեւանցին, այսինքնՙ ի՞նչ պետք է ընտրի: «Պարզվում է»ՙ բուն քաղաքապետի ընտրության հետ երեւանցին ամենեւին կապ չունի: Նա ընտրում է մայրաքաղաքի ավագանի, որն էլ նոր միայն` քաղաքապետ: Հետեւաբար, գալիք ընտրությունները քաղաքի կառավարչի ընտրություններ չեն, դրանք ընտրություն են քաղաքական ուժերի միջեւ: Եվ չնայած Երեւանի քաղաքապետարանը գործադիր մարմին է` օժտված կատարողական գործառույթներով, հանրապետության բնակչության 1/3-ի կառավարման ընտրությունը ապաքաղաքական անվանելը նույնն է, թե ապաքաղաքական անվանել հանրապետության կառավարության նշանակման գործընթացը:

Այդուհանդերձ, ի՞նչ է տալիս երեւանցուն մայիսի 5-ի ընտրությունների քաղաքակա՞ն, թե՞ ապաքաղաքական լինելը: Ընդդիմությանն ու իշխանությանը, հասկանալի է, թե ինչ է տալիս: Առաջինը, պնդելով ընտրությունների քաղաքական լինելը, ընտրողներին փորձում է հնարավորինս երկար պահել քաղաքականապես ակտիվ` նախագահական անցած ընտրություններից հետո, իսկ իշխանությունը` հակառակը, պնդելով, թե ընտրությունները քաղաքական չեն, փորձում է մարել քաղաքական ակտիվությունը հասարակության մեջ, ինչն առանց դրա էլ մարում է: Ինչ վերաբերում է սովորական երեւանցուն, ապա վերջինս ընտրություններին մասնակցում է ոչ թե ելնելով գաղափարական սկզբունքներից, այլ ձգտելով ավելի լավ ապրել: Հետեւաբար մայիսի 5-ին կայանալիք ընտրությունները ոչ այնքան երեւանցունն են, որքան դրան մասնակից քաղաքական ուժերից հաղթողինը: Հենց վերջինիս պետք է ընտրություն կատարի «Ավելի լավ Երեւան»-ի ու ավելի բարեկեցիկ երեւանցու եւ «Ինչպես միշտ Երեւանի» ու ինչպես միշտ երեւանցու միջեւ: Քանի դեռ կա այդ ընտրության հնարավորությունը:

 

Հովիկ ԱՖՅԱՆ

«Ազգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930