Համացանցում և տպագիր մամուլում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարություն է տարածել, թե Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար Աջափնյակում 8 հազար ապարանցի է գրանցվել: Հայտնում ենք, որ մատուցվածը կրկին ապատեղեկատվություն է և հերթական անգամ կեղծ հայտարարություններով փորձ է արվում ապակողմնորոշել հանրությանը: Ընտրական գործընթացների շրջանակներում բազմիցս հնչեցվել են նմանատիպ հիմնազուրկ հայտարարություններ, որոնցից որևէ մեկը սակայն, չի հիմնավորվել: Հայտարարության անառարկայականության վկայությունն է նաև ստորև բերված թվային համեմատականը:
Աջափնյակ վարչական շրջանում 2013 թ. հունվարի 9-ին հրապարակված ՀՀ Նախագահի ընտրությունների նախնական ընտրացուցակներում ընդգրկված է եղել 81.614 ընտրող, իսկ 2013 թ. մարտի 27-ին հրապարակված Երևանի ավագանու ընտրությունների նախնական ընտրացուցակներում ընդգրկված է 81.751 ընտրող:
ՀՀ ոստիկանությունը բազմիցս հավաստիացրել է, որ բնակչության պետական ռեգիստրում հաշվառումներն իրականացվում են բացառապես օրենսդրությամբ սահմանված կարգով` համապատասխան հիմքերի առկայության պայմաններում:
ՀՀ ոստիկանություն