ՄԻԱԿ ներկայացուցիչ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հերքեց ֆիննախի տրամադրած տվյալները, թե ժամանակին իր հիմնադրած «Զարգացում և ինտեգրացիա» ՀԿ-ն ամենաշատն է դրամաշնորհ ստացել պետական բյուջեից, և որ 2011-2012թթ. ֆինանսավորվել է 6 անգամ` 74 միլիոն 978 հազար ՀՀ դրամի չափով: Հիշեցնենք, որ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի պահանջով ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկանք էր տրամադրել, ըստ որի, ՀՀ նախագահի աշխատակազմը 2010-2013թթ. ընթացքում 31 ՀԿ-ների ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացել է շուրջ 500 մլն ՀՀ դրամ: Ուշագրավն այն, որ ամենաշատ գումար ստացած ՀԿ-ները նույն մարդիկ են ղեկավարում, իսկ երեկ «Ազատություն» ռ/կ-ն բացահայտել է, որ դրանք անգամ չեն էլ գործում իրենց գրանցած հասցեներում, պարզապես գոյություն չունեն: Մեզ հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը պնդեց, որ ինքը արդեն 5-6 տարի կապ չունի այդ կազմակերպության հետ: Ուշագրավն այն է, որ մրցույթների մի մասը հենց «Զարգացում և ինտեգրացիա» կազմակերպությունն է իրականացրել:
– Պարոն Մարտիրոսյան, վերջերս Ձեր անունը շրջանառվեց պետական միջոցների «գրանտակերության» շրջանակում, մինչդեռ Ձեր թիմի ղեկավարը` Սերժ Սարգսյանն ասում էր, որ ամենավատ պաշտոնյան պետական փողերը յուրացնող պաշտոնյան է…:
– Ինձ վերագրվում է մի կազմակերպության հետ կապ, որը ոչ միայն գրանտ չի ստացել և չի ստանում, այլև իրավունք չունի գրանտ ստանա: Նախագահի հրամանագրով, այդ կազմակերպությունը իրավունք չունի ոչ միայն դիմելու, այլև ստանալու, նույնիսկ մեծ ցանկության դեպքում:
– Այդ դեպքում, ինչպե՞ս է Ձեր անունը հայտնվել կազմակերպության հիմնադիրների ցանկում:
Կարդացեք նաև
– Ես էդ կազմակերպության հիմնադիրներից եմ եղել 10 տարի առաջ, հետո` 5-6 տարի առաջ, էլ առնչություն չունեմ: Նույնիսկ եթե առնչություն ունենայի, սա հենց էն կազմակերպությունն է, որ մրցույթները կազմակերպում է, և ինքը փող ստանալու իրավունք չունի:
– Ստացվում է ` այդ կազմակերպությունն է մրցույթներ անցկացրել, որոնցով փող են ստացել նույն մարդիկ` իրենց իսկ գրանցած տարբեր ՀԿ-ներով:
– Դա ինձ չի վերաբերում: Ինձ հարցնում եք` փող ստացել եմ, ես ասում եմ` ոչ:
– Դուք ասացիք, որ այդ կազմակերպության հիմնադիրներից եք, որը մրցույթներն է անցկացնում, իսկ այդ մրցույթների արդյունքում պետական փողերը փոշիացվել են` այդ գումարները ստացել են նույն մարդիկ:
– Չէ, մի րոպե: Ես դրանով չեմ զբաղվում: Ինձ հարցնում եք, ի՞նչ անեմ: …Ես եղել եմ հիմնադիր, բայց 6-7 տարի է` կապ չունեմ: … Դա ինձ չի վերաբերում, հարցրեք նախագահի աշխատակազմին: Ես ԱԺ պատգամավոր եմ:
– Իսկ Ձեր ընտանիքի անդամները հիմա կապ ունե՞ն այդ կազմակերպության հետ:
– Չէ, բացարձակ:
– Լավ, իսկ ինչպե՞ս եք գնահատում, որ ժամանակին Ձեր հիմնադրած կազմակերպությունը նմանատիպ մրցույթներ է անցկացրել, որոնք փոշիացրել են պետական միջոցները:
– Ես տեղյակ չեմ, ի՞նչն են փոշիացրել, ո՞ր բյուջեն են փոշիացրել, ինչի՞ եք կարծում, որ փոշիացրել են:
– Խոսքը մրցույթների մասին է, որոնցում հաղթել են այն կազմակերպությունները, որոնց տերերը նույն անձինք են:
– Հետո ի՞նչ, չի՞ կարող տենց լինել:
– Այսինքն` Ձեր կարծիքով, նորմա՞լ է, որ պետական միջոցները, որոնք պետք է ուղղվեին հասարակական սեկտորին, ուղղվել են մի քանի անձանց:
– Մի քանի հոգու չեն ուղղվում, սա մեկ: Ես եթե չեմ սխալվում` բազմաթիվ կազմակերպություններ են դիմում և դրամաշնորհներ ստանում: Մի քանի հոգի չեն, մանավանդ դրանք անհատ անձինք չեն:
Մարինե Խառատյան
Ոնց որ կենացները քաղցրանում են…