Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԾ-ն հաստատեց՝ «բուրգ» եղել է

Ապրիլ 30,2013 11:14

Երեկ մեր թերթի թղթակիցը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ Հատուկ քննչական ծառայություն, թե բարձրաստիճան ոստիկանների կողմից ստեղծված ֆինանսական արդեն հայտնի բուրգի գործով ՀՔԾ-ում քրեական գործ հարուցվե՞լ է, թե ոչ, այդ գործով հարցաքննվե՞լ է արդյոք Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը, նրա հարազատները, այլ բարձրաստիճան ոստիկաններ, թե ոչ։

Ստացվել է հետեւյալ պատասխանը. «2013թ. ապրիլի 25-ին ՀՀ Ոստիկանությունից ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում ստացվել են նյութեր, որոնցում առկա են ոստիկանության առանձին բարձրաստիճան պաշտոնյաների վաշխառությամբ զբաղվելու, կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքն հափշտակելու եւ շորթում կատարելու հանցագործության հատկանիշներ։ Հիշյալ դեպքերի առթիվ նույն օրը հարուցվել է քրգործ՝ ՀՀ Քր. օր-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով), 182-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (շորթում, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) եւ 213-րդ հոդվածի 1-ին մասով (Վաշխառություն, որի հետևանքով տուժողն ընկել է նյութական ծանր կացության մեջ): Կատարվում է նախաքննություն, հարցաքննվել են մի շարք վկաներ, իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ։ Քննության շահերից ելնելով՝ նախաքննության ներկա փուլում այլ մանրամասներ չեն հրապարակվում»:

Այլ կերպ ասած, մեր բոլոր պնդումները եւ նախկինում ներկայացրած փաստերը ըստ էության՝ հաստատվում են։ Քրօրի վերը նշված հոդվածները բնորոշում են «ֆինանսական բուրգը», իսկ այն որ այդ բուրգը ստեղծվել եւ «շահագործվել է» ՀՀ Ոստիկանության «առանձին բարձրաստիճան պաշտոնյաների» կողմից, պարզ եւ հստակ ձեւակերպել է ՀՔԾ-ն։

Այսպիսով, ՀՔԾ-ից ստացված այս պատասխանը «ֆինանսական բուրգի» գոյության առաջին պաշտոնական հաստատումն է։ Սա հենց այն պատմությունն է, որի շրջանակներում պաշտոնից ազատվեց Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը։

Սա ուշագրավ է հատկապես՝ ՀՀ Ոստիկանության ընդամենը մի քանի օր առաջ տարածած հաղորդագրության ֆոնին։ Արձագանքելով նման «կառույցի» գոյության մասին մեր հրապարակմանը՝ ոստիկանությունը տարածել էր հետեւյալ հաղորդագրությունը. «Ոստիկանությունը նման ինֆորմացիայի չի տիրապետում եւ տեղեկատվություն ունեցողներին առաջարկում է տրամադրել իրենց ձեռքի տակ ունեցած բոլոր տվյալները…»:

Կամաց-կամաց հաստատվում են նաեւ մեր ներկայացրած տեղեկությունները՝ Նազարյանի ընտանիքին պատկանող սուպերմարկետների ցանցի՝ «Մոսկվիչկայի» մասին։ Ակնարկել էինք, որ այդ ցանցի գործերը այնքան էլ լավ չեն եւ սուպերմարկետները հսկայական պարտքեր են գոյացրել մատակարարների նկատմամբ։ Երեկ հայտնի դարձավ, որ դադարեցրել է գործունեությունը այդ սուպերմարկետներից մեկը՝ Մոսկովյան փողոցում գտնվող «Մոսկվիչկան»:

Նշենք, որ քրգործը ՀՔԾ-ում հայտնվելը ամենեւին էլ չի նշանակում, որ այն լիարժեքորեն կբացահայտվի եւ բոլոր մեղավորները պատասխանատվություն կկրեն։ Գործում շոշափվում են շատ մեծ փողեր եւ իշխանություններին շատ մեծ ծառայություններ մատուցած բարձրաստիճան ոստիկանների անուններ։

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930