Լրահոս
Օրվա լրահոսը

Արյունոտ արդարացումներ

Ապրիլ 30,2013 10:59

Հայաստանի քաղաքական կյանքում արյունը դարձել է ամենակարևոր գործոններից մեկը: Ուղղակի և անուղղակի իմաստով: Կարելի է անգամ ասել, որ իշխանությունը պահպանելու և իշխանության գալու գործընթացում չկա ավելի «զորեղ» գործոն, քան արյունը: Քաղաքացիների արյունը, բնականաբար: Մեկ անգամ չէ, որ քաղաքական գործընթացները հանգուցալուծվել են արյամբ՝ 2003 թվականի ընտրությունները՝ 2004 թվականի ապրիլի 12-ի իրադարձություններով, 2008 թվականի ընտրությունները՝ Մարտի 1-ով: Առաջին դեպքում, բարեբախտաբար, ամեն ինչ ավարտվեց ծեծի ենթարկվածների ու վիրավորների արյամբ, 2008 թվականին՝ 10 մարդկանց կյանքով:

Բարեբախտաբար, 2013 թվականի նախագահական ընտրություններում հնարավոր եղավ խուսափել արյունից: Ե՛վ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներով: Բայց հիմա ստեղծվել է մի իրավիճակ, երբ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը, ըստ էության, փորձում են «վաճառել» արյուն չթափելու փաստը: Իշխանական գրեթե բոլոր գործիչների բոլոր հարցազրույցներում կարմիր թելի պես անցնում է այն միտքը, որ, ի տարբերություն 2008 թվականի, այս անգամ զոհեր չեղան, ինչն աննախադեպ է հայ իրականության մեջ (կարծես 2008 թվականի մարտի 1-ից հետո նախագահ է դարձել ոչ թե Սերժ Սարգսյանը, այլ Լևոն Տեր-Պետրոսյանը):

Գրեթե նույնն անում է նաև «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով ապրիլի 9-ին արյունահեղությունից խուսափելը կարծես փորձում է դարձնել իր հետագա քաղաքական գործունեության «կրեդոն»: «Մեկն ապրիլի 9-ին արյուն էր ուզում՝ չստացավ: Կարող է՝ ինչ-որ տեղ ապրիլի 9-ը լավ կազմակերպված չէր, բայց առաջին հերթին՝ արյուն չեղավ», «Ով ուզում էր Հայաստանի  Քրիստոսը, Բուդդան դառնալ՝ չստացավ: Ես պատրաստ չէի հարյուր ցավակցական հեռագիր ուղարկել»,- այսօր կայացած ասուլիսում այսպիսի հայտարարություններ է արել Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ինչպես իշխանությունը (Սերժ Սարգսյանը ևս իր հրապարակային ելույթներում ոչ ուղղակիորեն, սակայն տարբեր ձևերով ընդգծել է այն հանգամանքը, որ հնարավոր է եղել խուսափել զոհերից), այնպես էլ ընդդիմությունը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ, այս փաստը ներկայացնում են այնպիսի շեշտադրմամբ, այնպիսի պաթոսով, որից ստացվող միակ տպավորությունն այն է, որ  նրանք ուզում են գնահատված զգալ, էլ ավելի գնահատված զգալ այն բանի համար, որ իրենց գործունեության կամ անգործության արդյունքում մարդկային զոհեր չեն եղել: Դա, իհարկե, գնահատելի է, փառք ու պատիվ իշխանությանն ու ընդդիմությանը, որ կարողացան զերծ մնալ արկածախնդրությունից, և ընտրություններն անցան առանց զոհերի:

Բայց վտանգավոր է, որ և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը դա դարձնում են իրենց քաղաքական կապիտալի հիմնական բաղադրիչ: Այդպիսով, հասարակության գիտակցության մեջ հերթական անգամ արմատավորվում է, որ առանց արյան՝ Հայաստանում հնարավոր չէ իշխանափոխություն: Ընդդիմությունն էլ շատ հստակ ուղերձ է հղում առ այն, որ, եթե ուզում եք երկրում արմատական փոփոխություններ կատարվեն, պետք է պատրաստ լինեք արյունահեղության: Ընդ որում, եթե իշխանության պարագայում դա հասկանալի է՝ այն առումով, որ իշխանությունից որևէ մեկն ավելին չի էլ սպասում, ապա, մեղմ ասած, տարակուսելի է ընդդիմության դեպքում:

Այսինքն՝ ընդդիմությունը չկարողանալով գտնել իշխանափոխության բանալին (բոլոր հայտնի մեթոդներն, ըստ էության, անցած տասնհինգ տարիներին չեն արդարացրել իրենց), հասարակության առջև արդարանում ու շնորհակալանք է ակնկալում միայն այն բանի համար, որ կարող էր արյուն հեղվել, բայց չհեղվեց: Ընդ որում, այսպիսով, որ կանխամտածված  կերպով հերթական անգամ ի ցույց է դրվում իշխանությունների «մարդասիրությունը»: Հայտարարությունների, էսթետիկական մակարդակում այս ամենն, իհարկե, գեղեցիկ ու վեհ է հնչում: Բայց գործնականում սրանով արձանագրվում է, որ Հայաստանում իշխանություն կարող է փոխվել միայն արյամբ: Չնայած, 2008 թվականի մարտի 1-ը ցույց տվեց, որ անգամ դա բավարար պայման չէ:

ՄԻՔԱՅԵԼ ՍԱՀԱԿՅԱՆ

«168 ԺԱՄ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930