Անցած շաբաթվա վերջին ՀՀ կապի և տրանսպորտի նախարարի պաշտոնակատար Գագիկ Բեգլարյանի հրամանով զբաղեցրած պաշտոնից ազատվել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը։ Պաշտոնական պատճառաբանությունը Արա Հովսեփյանի սեփական դիմումն է։ Իրադարձությունը, մեղմ ասած, շարքային չէ։ Պաշտոնից ազատվում է մի անձ, որը ղեկավարում էր ավելի քան 500 միլիոն դոլարանոց մի ծրագիր։ Դա Հայաստանում իրականացվող ամենախոշոր ծրագիրն է՝ վերջին մի քանի տարիների ընթացքում։
Արա Հովսեփյանը երեկ մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում հրաժարվեց որեւէ կերպ մեկնաբանել, թե ինչու է որոշել հեռանալ այդ պաշտոնից։
ԶԼՄ-ները պնդում են, որ նախարարի պաշտոնակատար Գագիկ Բեգլարյանը վրեժ է լուծում Հովսեփյանից, քանի որ վերջինս որոշակի մասնակցություն է ունեցել Երեւանի քաղաքապետի պաշտոնից իրեն հեռացնելու գործում։ Իսկ Հովսեփյանն էլ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի մերձավոր շրջապատի մարդկանցից է, բայց քանի որ Մինասյանին այլեւս պատվավոր աքսորի են ուղարկել Վատիկան, եւ նա այլեւս չի կարողանում լիարժեք պաշտպանել իր մարդկանց, ուստի Գագիկ Բեգլարյանն արդենի զորու է վրեժ լուծելու։
Ներիշխանական խոհանոցին ծանոթ մարդկանց համար այստեղ ոչ մի տարօրինակ բան չկա, այնպես որ այս վարկածը կարող է ամբողջությամբ բացատրել տեղի ունեցածը։
Կարդացեք նաև
Բայց այն, ինչ կատարվում է բուն ծրագրի իրականացման առումով, պակաս ուշագրավ չէ։ «Հյոաիս-Հարավ մայրուղին», որը պետք է իրար կապի հյուսիսային Բավրա եւ հարավային Մեղրի անցակետերը, պետք է ունենա 556 կիլոմետր երկարություն։ Դրա շինարարության համար Ասիական զարգացման բանկը պատրաստակամություն էր հայտնել հատկացնել 500 մլն դոլարի վարկ։ Եւս 100 միլիոն դոլարի վարկ տրամադրելու համաձայնագիր ստորագրվել է Եվրասիական բանկի հետ ընդամենը 20 օր առաջ։ Վերը նշված 500 միլիոնից 230 միլիոնը Ասիական զարգացման բանկը հատկացրել էր դեռ 2 տարի առաջ։ Թվում էր, թե ոչ մի խնդիր չկա եւ այս ահռելի ծրագիրը պետք է սկսի իրագործվել: Բայց այս ծրագիրը մշտապես պարուրված է եղել խորհրդավորության քողով։ Շինարարական աշխատանքները 1.5 տարով ուշացնելու պատճառով ՀՀ Կառավարությունը Ասիական բանկին արդեն իսկ մոտ 300 հազար դոլարի տուգանք է վճարել։
Մի քանի ամիս առաջ՝ նախագահական ընտրությունների քարոզարշավի օրերին, Աշտարակի մերձակայքում մեծ շուքով մեկնարկ տրվեց ծրագրի մի հատվածի հողային աշխատանքներին։ Այսօր այդ կողմերում նույնիսկ տեխնիկա չկա կանգնած։ Ինչ արվել է այդ օրերին, դրանից այս կողմ ոչ մի աշխատանք չի կատարվել։ Այժմ շինհրապարակում կատարյալ անդորր է:
«Հայկական ժամանակ»