Կոմպոզիտոր Էդուարդ Փաշինյանի թոռը վերհիշեց ամենատպավորիչ դրվագը:
Այսօր Մոսկվայի տանը տեղի ունեցավ Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Հայաստանի ՀԽՍՀ վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Էդուարդ Փաշինյանի 90-ամյակին նվիրված հուշ-երեկո: Երեկոյի ընթացքում Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի սաների կատարմամբ հնչեցին հեղինակի ստեղծագործությունները` «Պարզից դեպի բարդ» ալբոմից:
Էդուարդ Փաշինյանի թոռը` լրագրող, դերասան Ռուբեն Փաշինյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ Էդուարդ Փաշինյանը երաժշտության մեջ գերլադային համակարգի հիմնադիրն է եւ հանդիսանում է պոլիֆոնիա և հարմոնիա առարկաների միակ հայկական դասագրքերի հեղինակը:
Կարդացեք նաև
«Ինչպես ասում են Էդուարդ Փաշինյանի ուսանողները, նա ուներ հետաքրքիր հատկություն՝ միաժամանակ շատ բարի էր, բայց եւ պահանջկոտ: Այդ հատկությունները հանգեցնում էին տոտալ դիսցիպլինային դասերի: Անհնար էր նրա դասերին գալ անպատրաստ կամ թերի պատրաստված: Կան մարդիկ, ովքեր վերցրել են այդ հատկությունները եւ այժմ դասավանդում են, օրինակ` Արամ Սաթյանը, Ռուզաննա Ստեփանյանը»,-տեղեկացրեց Ռուբեն Փաշինյանը:
Նրա խոսքով` կոմպոզիտորի ձեռքբերումը նրա ուսանողներն են եւ ժառանգները. «Գիտության մեջ ԽՍՀՄ մակարդակով ամենամեծ նվաճումը, իհարկե, գերլադային համակարգի ստեղծումն էր, ինչի համար էլ նա Մոսկվայում ստացավ պրոֆեսորի կոչում: Իսկ Հայաստանն արձագանքեց վաստակավոր գործչի կոչում շնորհելով»:
Մեր զրուցակցից խնդրեցինք վերհիշել կոմպոզիտորի հետ կապված ամենատպավորիչ դրվագը: «Մի անգամ հարցրեցի պապիկիս` ի՞նչ է քեզ համար գեղեցկությունը, ի՞նչ կանայք են քեզ դուր գալիս: Ասաց` «ինձ տատիկդ է դուր գալիս»: Հարցրի, թե ավելի կոնկրետ ի՞նչն է գեղեցիկ մարդու մեջ: Նա պատասխանեց` «շատ անգամ գեղեցիկ հագնված ուսանողներ են գալիս` սանրված, փչված…բայց երբ սկսում են պատասխանել, զգում ես գլխում առկա դատարկությունը: Դասի հանդեպ հարգանք չունեցողն ամենագեշ մարդն է ինձ համար: Իսկ մարդ էլ կա, որ այդքան լավ ուրվագծեր չունի, բայց աչքերից լույս է գալիս: Իսկ երբ սկսում է խոսել, դու սիրահարվում ես այդ մարդուն: Եւ դա ամենագեղեցիկ մարդն է»,-պապիկի խոսքերը ներկայացրեց Ռուբեն Փաշինյանը:
Նա փաստեց, որ Էդուարդ Փաշինյանի դասագրքերը եզակի են եւ ազգային հարստություն են համարվում. «Երեխաները դրանցից օգտվելու հնարավորություն չունեն: Դրանցից սակավ քանակությամբ պահվել են գրադարաններում: Երեկոյի նպատակն է` ինչ-որ կերպ պետությանը հիշեցնել, որ ունի ազգային հարստություն: Տպագրե՜ք դրանք, որ երեխաներն ու ուսանողներն ունենան: Այդ ժամանակ կկարողանաք Էդուարդ Փաշինյանի հիշատակի առջեւ կանգնել եւ ասել` ծնունդդ շնորհավոր, վարպե՜տ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Ծնունդդ շնորհավոր, վարպե՜տ , Այո, լոռեցիները շատ սիրում և հպարտանում են Էդ. Փաշինյանի տաղանդով: Եթե չեմ սխալվու նաև բժշկական կրդություն ուներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2013/04/30/237363/
© 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից
Այո, նա պատմում էր, որ եկել էր պատերազմից, ընդունվել էր կոնսերվատորիա, բայց 48 թվականին ռեժիմը սարսափելի հարձակում գործեց երաժտության վրա, եւ նա, լուռ բողոքելով դրա դեմ, ընդաւվեց բժշկական ու ավարտեց: Բայց հետո սերը երաժշտության հանդեպ հաղթեց: