Այս անգամ նա շուկայում «մարխոշ» հանդիպում ունեցավ, բաժակ բարձրացրեց մարտունեցիների հետ:
Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը «Բարեւ Երեւանի» քարոզարշավի շրջանակներում այցելել էր Մալաթիա-Սեբաստիա համայնք: Մինչ կհանդիպեր բնակիչների հետ, նա մտավ Մալաթիայի մթերքի շուկա: Նախագահական ընտրություններին մենք մեկ անգամ արդեն ականատես եղել ենք, թե ինչպես է Րաֆֆի Հովհաննիսյանը քարոզարշավ անում այս շուկայում: Այսօր, կարելի է ասել, այդ արկածային այցի երկրորդ սերիան էր:
Նախ, շուկա մտնելուն պես, մի խումբ ոստիկաններ սկսեցին հետեւել նրան: Ոստիկաններից մեկը կապ տվեց վերադասին եւ զեկուցեց՝ «մտավ Մալաթիայի շուկա»: «Ոչինչ, թող մտնի, բայց ուշադիր եղեք»,- պատասխանեց վերադասը՝ հորդորելով հետեւել Րաֆֆի Հովհաննիսյանին:
«Եզդիները քո հետ են, պարո՛ն Հովհաննիսյան»,- հենց շուկայի սկզբում նրան այսպես ողջունեց վաճառականներից մեկը: Մեկ ուրիշն էլ այսպես բարեւեց. «Բարեւ պրեզիդենտ ջան, ոնց ես, ցավդ տանեմ»: Երբ Րաֆֆի Հովհաննիսյանը հետաքրքրվեց առեւտրականներից, թե իրենք ինչպես են, նրանցից մեկը պատասխանեց. «Մարխոշ, մարխոշ, ցավդ տանեմ»:
Կարդացեք նաև
Վաճառողներն էլ իրենց հերթին հետաքրքրվեցին՝ բայց վիճակը կփոխվի՞: Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց չհիասթափվել հանկարծ, որ փոխվի:
Նա օգտվեց Աշտարակի ելակից, բարեւեց վարունգ, կանաչի, գազար, կարտոֆիլ վաճառողներին: Նրա անցնելուն պես մարդիկ հոգոց էին հանում՝ «Էէէէ՜հ»: «Ժառանգության» առաջնորդը գրկում էր կանանց ու նկատողություն անում՝ «Էն ո՞վ էհ ասաց: Էհ չկա, էս տարի փոխում ենք»: Բողկ վաճառողն էլ Րաֆֆի Հովհաննիսյանին հորդորեց. «Դուխդ չգցես, օխպեր»:
Շուկայում մի կին մոտեցավ եւ սրտնեղեց՝ «Էս մաֆիայի դեմ դու ո՞նց կարաս»: Րաֆֆի Հովհաննիսյանը վստահեցրեց, որ մենակ ինքը չի կարող, բայց միասին կարող են:
Պարոն Հովհաննիսյանը զրույցի բռնվեց Զոլաքարի կաղամբ վաճառող գյուղացիների հետ: Նա ասաց, որ Զոլաքարում գողացել են իր ձայները, բայց մյուս անգամ բնակիչները պիտի թույլ չտան նման բան. «Էլ ոչ մի գողություն Զոլաքարից»:
Ավելի ուշ արդեն «մարտունա կարտոլ» վաճառող առեւտրականները Րաֆֆի Հովհաննիսյանին կանչեցին մի բաժակ իրենց հետ խմելու եւ բաժակը տվեցին ձեռքը. «Արի, է, լա էսի բռնա»,- ասացին Վերին գետաշենցիները: Րաֆֆի Հովհաննիսյանը այս անգամ հիշեցրեց գետաշենցիների տված քվեները իրեն. «Մարտական գյուղ էր Գետաշենը, բայց մի փոքր գողություն արեցին ձեզանից: Մյուս անգամ չեք թողի»: Նրանք խմեցին հայրենիիք կենացը: Րաֆֆի Հովհաննիսյանը մաղթեց, որ ոչ մեկը թող խոպան չգնա: «Բա ի՞նչ կենենք»,- առարկեց վաճառականը,-«Ուրեմն թող աշխատանք լինի»:
Շրջայցի ընթացքում դժգոհ մնաց մի կին, որը նետեց, թե գոնե մի դաստա կանաչի առ, դատարկ ձեռով մի գնա: Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկեցին հետները մի օյին բլոտ խաղալ, սուջուխ ուտել:
Վաճառողներից մեկն էլ առաջարկեց «մի շենք» ձայն բերել «Բարեւ Երեւանի» օգտին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Երնեկ արկածները մեր երկրում լինեն այնպիսին, ինչպիսինը,՝ Ռաֆֆի Հովհաննիսյանինն է, իսկ
ժողովուրդը այնպես ընկալեր, ինչպես,՝ քաղաքակիրթ երկրներում: