2010-2012 թվականներին Հայաստանի նախագահի աշխատակազմից 500 միլիոն դրամի չափով դրամաշնորհներ տրամադրելու կապակցությամբ Հայաստանի նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանն, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի գրավոր հարցերին, նշել է, որ «դրամաշնորհային ծրագրի իրականացման ընթացքի նկատմամբ վերահսկողություն է իրականացնում Հայաստանի նախագահի աշխատակազմի եւ գործընկեր հասարակական կազմակերպության համատեղ ձեւավորած մոնիտորինգի հանձնաժողովը»:
«Եթե հանձնաժողովը մշտապես քննության է առնում յուրաքանչյուր ծրագրի արդյունավետությունը, ապա արդեն իսկ եղած արդյունքներով սկսվել են ընդհանուր ծրագրի զարգացման վերաբերյալ քննարկումներ, որոնք նպատակ ունեն ապահովել նախաձեռնության սահուն անցումը սկզբնական փուլից դեպի ավելի ծրագրային ու զարգացման հարթություն», – դրամաշնորհների ծախսի արդյունավետության վերաբերյալ հարցերին այսպես է պատասխանել նախագահի խոսնակը:
31 հասարակական կազմակերպություններին նախագահի աշխատակազմի տրամադրած 500 միլիոն դրամի ծախսի արդյունավետության հարցը հանրային ուշադրությանն արժանացավ վերջերս, երբ «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանից ստացավ պաշտոնական պատասխան դրամաշնորհների վերաբերյալ:
2011 եւ 2012 թվականներին 27 միլիոն դրամի դրամաշնորհ ստացած «Արբանյակ» կազմակերպությունը, որը պաշտոնական փաստաթղթի համաձայն, իրավապաշտպան հասարակական կազմակերպություն է, ըստ պետական ռեգիստրի տվյալների, գործում է Երեւանում՝ Եզնիկ Կողբացու 29, բնակարան 2Ա հասցեում: Տվյալ հասցեում որեւէ ցուցանակ չկա: Շենքը հյուրատան նման էր, մենեջերն ասաց՝ անհնար է «գնալ այդ բնակարան»: Մենեջերը չհիշեց, որ այդ շենքում երբեւէ գործել է «Արբանյակ» հկ-ն:
Կարդացեք նաև
Ըստ պետական ռեգիստրի, այս նույն հասցեում է գործում նաեւ «Երիտասարդների երկիր» առողջապահական հասարակական կազմակերպությունը, որը, ըստ գլխավոր գանձապետի գրությանը կից փաստաթղթի, Հայաստանի նախագահի աշխատակազմից 2011 եւ 2012 թվականներին արժանացել է ավելի քան 27 միլիոն դրամի դրամաշնորհի: Մենեջերը այս դեպքում եւս շեշտեց, որ նման կազմակերպություն այս հասցեում չի գործել:
Պետռեգիստրի ներկայացուցիչը զարմանքով հայտնեց պաշտոնական փաստաթղթում նշված եւ պետբյուջեից դրամաշնորհ ստացած մեկ այլ՝ «Կրթված սերունդ կրթական ասոցիացիա» հասարակական կազմակերպության հասցեն` այս անգամ Եզնիկ Կողբացի 2Ա, բնակարան 29. – «Ոնց որ թարս է գրված», – զարմացավ նա:
Կողբացու 2Ա, բնակարան 29 հասցեում, պարզվեց՝ վարձով ապրողներ են հայտնվում ժամանակ առ ժամանակ: 50 տարի այնտեղ բնակվող հարեւաններն ասացին՝ երբեք չեն նկատել հասարակական կազմակերպությանը, ցուցանակ եւս չկար:
Շարունակելով Հայաստանի նախագահի աշխատակազմից դրամաշնորհներ ստացող կազմակերպությունների փնտրտուքը, հիմք ընդունելով պետռեգիստրում գրանցված հասցեն, գնացինք նաեւ Բուռնազյան 70 տուն: Ըստ պետռեգիստրի, այս հասցեում են գրանցված «Մեր ուժը մեր երիտասարդությունն է» երիտասարդական կազմակերպությունը, ինչպես նաեւ «Մեր երկրի ապագան» հասարակական կազմակերպությունը, որը, ըստ գանձապետի գրությանը կից փաստաթղթի, իրավապաշտպան հասարակական կազմակերպություն է: «Մեր ուժը մեր երիտասարդությունն է» կազմակերպությունը 2011-2012 թվականներին ստացել է ավելի քան 23 միլիոն դրամ, իսկ «Մեր երկրի ապագան մեր ձեռքերում է» կազմակերպությունը՝ մոտ 27 միլիոն դրամ: Բայց այդ հասցեում կիսաքանդ տուն էր: Այստեղ եւս չեն նկատել հասարակական գործունեությամբ զբաղվողների:
Նախագահականից դրամաշնորհներ ստացողների գործունեությամբ անցած շաբաթներին ապարդյուն է հետաքրքրվել «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» ղեկավար Շուշան Դոյդոյանը: Ասաց՝ որեւէ տվյալ չի գտել:
Մանրամասները կարող եք կարդալ այստեղ: