Թեղուտի գյուղապետ Ֆրունզե Նորեկյանը կարծում է, որ այդ պահանջների անտեսումն էլ խորացնում է ընկերության ու գյուղաբնակների միջեւ առկա լարվածությունը:
Մինչ «Թեղուտ» ՓԲԸ փոխտնօրեն Գագիկ Արզումանյանը, այսօր Թեղուտում կազմակերպված հանդիպման ժամանակ անդրադառնալով ընկերությունում թեղուտցիների աշխատանքով ապահովման խնդրին, տեղեկացրեց, որ միայն անցած տարի Թեղուտից 26 մարդ է ընդունվել աշխատանքի, Թեղուտ համայնքի ղեկավար Ֆրունզե Նորեկյանը, Aravot.am-ի հետ հարցազրույցում նկատում է, որ դրանով համայնքի կյանքում էական փոփոխություններ չեն կատարվել:
«600 հոգանոց գյուղից 150 մարդ ընդհանուր առմամբ աշխատում է «Թեղուտ» ՓԲԸ-ում, բայց դա միայն մի փոփոխություն է մտցրել նրանց կյանքում` գիտեն, որ աշխատավարձ են ստանալու, աշխատանք ունեն, վարկեր են վերցնում, ամենաշատ վարկերը թեղուտցին ունի»,-ասում է Ֆրունզե Նորեկյանը:
Կարդացեք նաև
Նա թեեւ նկատում է, որ «Թեղուտ» ՓԲԸ-ի աշխատանքներն սկսվելուց հետո գյուղից արտագնա աշխատանքի մեկնողների թիվը կրճատվել է, այնուամենայիվ, ընկերության ու գյուղաբնակների միջեւ գոյություն ունեցող լարվածությունը չի վերանում:
«Գյուղացիները 4 պահանջ ունեն ընկերությունից. աշխատավարձերի բարձրացում, աշխատանքից ազատվածների հարցերի վերանայում, աշխատանքի ընդունվելիս նախաատվությունը թեղուտցիներին ու շնողցիներին տալը եւ գյուղացիներին ծեծի ենթարկած ընկերության անվտանգության աշխատակիցների պատժում»,-ասում է համայնքի ղեկավարը` նկատելով, որ այս պահանջների` մինչ օրս անտեսումը խորացնում է առկա լարվածությունը:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ