-Ժողովուրդ ջան, շատ մարդ ա՞ հայաթից գնացել:
– 30 տոկոսը:
Այս երկխոսությամբ այսօր սկսվեց ԲՀԿ ավագանու ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Գուրգեն Արսենյանի եւ Արաբկիր վարչական շրջանի Արամ Խաչատրյան փողոցի բնակիչների հանդիպումը:
Երեւանի ավագանու քարոզարշավի շրջանակներում ԲՀԿ խմբակցության քարտուղար, քարոզչության պատասխանատու Նաիրա Զոհրաբյանը եւ Գուրգեն Արսենյանը հանդիպեցին թիվ 132 դպրոցին հարակից շենքերի բնակիչների հետ: Գուրգեն Արսենյանն, անդրադառնալով իշխանությունների կեցվածքին, նշեց. «Գալիս են, խոստումներ են տալիս, բայց դրանք ընդամենը խոսքեր են, քանի որ ժողովրդի վիճակը գնալով վատանում է և աղքատությունը մեծանում: Ժողովուրդ ջան, հիմքեր ունենք, չէ՞, չհավատալու այս խոսակցությանը»:
Արսենյանը նաև ժողովրդին բացատրեց, թե իշխանությունն ինչպես է փոխվելու` «կամ ընտրությունների, կամ էլ բունտի միջոցով», ինչպես եղավ հետխորհրդային որոշ երկրներում: Արսենյանը, սակայն, նախընտրում է առաջին տարբերակը. «Առաջարկում եմ, ժողովուրդ ջան, միասին փոխենք իշխանության կառավարիչներին:Եթե մենք ձեր դուրը չենք գալիս, ուրիշին ընտրեք, բայց մի’ ընտրեք իշխանության ներկայացուցիչին: Եթե ընտրեք նրան, ուրեմն համաձայն եք աղքատության, արտագաղթի, կոռուպցիայի հետ»:
Կարդացեք նաև
Արսենյանը խոսեց հատկապես արտագաղթի տեմպերից եւ անընդհատ անկում գնացող տնտեսական իրավիճակից` պատկերավոր համեմատություն անելով. «Երկիրը գնում է անդուդ, ժողովուրդն էլ` Կրասնոդար»: ԲՀԿ-ական պատգամավորը «երևանցիներին ձեռ առնելու ու չափալախ տալու նման է» համարում Երևանի մասին օրենքի այն դրույթը, որ, եթե ավագանու ընտրություններում կուսակցություններից մեկը հավաքում է 40 տոկոս + 1 ձայն, նրան տրվում է 10 տոկոս բոնուս և քաղաքապետ ընտրվում է այդ կուսակցությունից:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ