Մարտի 9-ին Սեւաքար գյուղում փլված գյուղի միակ Սբ. Հռիփսիմե եկեղեցու վերականգնման նախապատրաստական աշխատանքներն արդեն մեկնարկել են գյուղում: Ինչպես տեղեկացրել էինք նախորդ հրապարակմամբ , եկեղեցին վաղուց էր վթարային վիճակում հայտնվել, գյուղապետն էլ բազմիցս բարձրաձայնել էր ու օգնության խնդրանքով բոլոր պատկան մարմիններին դիմել, սակայն անարձագանք էր մնացել բոլոր ահազանգերը, որի հետեւանքով էլ մարտի 9-ին գյուղացիների աչքի առաջ փլվեց 1901թ.-ին կառուցված գյուղի գործող եկեղեցին: Այժմ գյուղում գրեթե ավարտվել են եկեղեցու վերականգնման նախապատրաստական աշխատանքները, իսկ վերականգնման աշխատանքների իրականացման ծախսերը հոգալու պատրաստակամություն է հայտնել ռուսաստանաբնակ մի հայ բարերար, ինչպես նաեւ տարբեր վայրերում ապրող սեւաքարցիներն էլ են ձեռք մեկնել եւ իրենց հնարավորությունների սահմաններում գումար տրամադրել հիմնադրամին:
Եկեղեցու վերականգնման նախագիծը պատվիրված է, նախնական չափագրությունն արված է, մնում է ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդում հաստատվի, որից հետո շինարարական կազմակերպությունը կսկսի իրականացնել վերականգնման աշխատանքները: Իսկ մինչ այդ, գյուղում եկեղեցու փլվածքի մաքրման աշխատանքներն են ավարտվել, քարերը հեռացվել տարածքից, ժամանակավոր ամրակայման աշխատանքներ արվել՝ հենակներ են տեղադրվել շինության կանգուն հատվածների վրա:
Հիշեցնենք, որ մարտի 9-ին փլվել էր եկեղեցու հարավային պատը, մասնակի փլվել էր արեւմտյան պատը , աջ ու կենտրոնական նավի տանիքները:
«Նախապատրաստական բոլոր աշխատանքներն արդեն արել վերջացրել ենք, սպասում ենք նախահաշիվը գա, որ եկեղեցին սկսենք վերականգնել: Եկեղեցու վերականգնման համար Ռուսաստանում ապրող մի հայ բարերար 40 մլն դրամ գումար է փոխացել, տարբեր վայրերում ապրող սեւաքարցիներն էլ են գումար հատկացրել», – նշեց Սեւաքարի գյուղապետ Արշավիր Հակոբյանը:
Պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայության պետ Աստղիկ Հակոբյանի փոխանցմամբ՝ տեւական ժամանակ եկեղեցին հաշվառված էր առավել վտանգված հուշարձանների շարքում, պատերին եղած ճաքերն անընդհատ մեծանում էին, իսկ օգոստոսին Իրանում տեղի ունեցած երկրաշարժից հետո է’լ ավելի վատթարացավ եկեղեցու վիճակը: Միջոցների բացակայության պատճառով էր, որ այս ամբողջ ընթացքում հնարավոր չեղավ արձագանքել խնդրին: «2012թ-ի տարեկան հաշվետվության համաձայն՝ մեր մարզում առավել վտանգված հուշարձանների թիվը 40-ի էր հասնում, պատկերացրեք, եթե ամեն մի մարզում միջին հաշվով մոտ 40 առավել վտանգված հուշարձան լինի, դա մեծ թիվ է կազմում եւ շատ դժվար է միանգամից արձագանքել, նման միջոցների մենք չենք տիրապետում»,- ասաց տիկին Հակոբյանը եւ հավելեց, որ մասնագետները տարբեր չափանիշներով են առաջնորդվում եւ վտանգվածության աստիճանը հաշվի առնելուց բացի, առաջնահերթություն է տրվում նաեւ, թե պատմամշակութային ինչպիսի արժեք է այն իրենից ներկայացնում, ուշադրությունը կենտրոնացվում է ավելի հին կառույցների վրա եւ այլն:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ