Լրահոս
Օրվա լրահոսը

Աջափնյակում 8 հազար ապարանցի է գրանցվել

Ապրիլ 29,2013 21:50

ԲՀԿ-ն ահազանգում է ապօրինությունների մասին:

«Խնդրում եմ, էլի, մեր բակում կարուսելներ կդնե՞ք»,- այսօր մայրաքաղաքի թիվ 132 դպրոցին հարակից շենքերի բնակիչների հետ հանդիպման ժամանակ բակի երեխաները նման խնդրանքով դիմեցին ԲՀԿ քարտուղար Նաիրա Զոհրաբյանին: Վերջինս հումորով արձագանքեց. «Մայիսի 5-ին մայրիկները թող գնան ընտրությունների, ընտրեն մեզ, որ ձեր բակում կարուսելներ տեղադրենք»:

Ընդհանրապես, Արաբկիր վարչական համայնքի բնակիչներին անհանգստացնում էր այն հարցը, թե ինչպե՞ս են ընդդիմադիրները տեր կանգնելու իրենց ստացած ձայներին: Բնակիչներից մեկը նույնիսկ թվարկեց, թե իրենց շենքում քանի բնակիչ է բացակայում, ովքեր, սակայն, ընտրացուցակներում ընդգրկված են ու պատկերավոր համեմատություն արեց ՀՀԿ-ականների եւ Սերժ Սարգսյանի «սպայկայի» մասին. «Որ իրանց տեղերը չզիջեն ուրիշին, իրանց աթոռները պահեն` իրեն օգնեցին `մնաց նախագահ: Հիմա մեր խնդիրն է, որ դուք էլ մեր ձայներին տեր կանգնեք»:

Հնչեցված մտահոգություններին Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Այո, մենք էլ տվյալներ ունեք, թե որ մուտքում քանի մարդ է բացակայում: Վստահ եղեք, որ հանձնաժողովներում մենք խստագույնս հսկելու ենք, հավատացնում եմ ձեզ: Առաջին անգամ այն քաղաքական ուժերը, որոնք կոալիցիա չեն, հանձնաժողովներում մեծամասնություն են: Այսինքն, 4-ն ընդդեմ երկուսի` կոալիցիոն ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի: Ընտրական հանձնաժողովներում, մեր գործընկեր ուժերի հետ առաջին անգամ լուրջ համագործակցություն է լինելու: Կմիանա՞ մեզ «Ժառանգությունն» էլ, սիրով կհամագործակցենք: Հույս ունեմ, որ կմիանա: Առաջին անգամ հանձնաժողովներում մեծամասնություն են այն քաղաքական ուժերը, որոնք ասում են` այսպես ապրել չի կարելի, այսպես շարունակել այլեւս չի կարելի: Ես վստահեցնում եմ, որ ԲՀԿ-ի բոլոր ռեսուրսներով եւ մեր գործընկերների հետ ընտրական տեղամասերում պահելու ենք բոլոր ձայները, այլ հարց է, այո, որ արհեստականորեն, մարզերից բերել գրանցել են մարդկանց: բայց` էդ էլ չի անցնելու: Բոլորի ցուցակները հատ-հատ հատ ունենք: Գիտենք որ շենքում, որ մուտքում, քանի հոգի է բացակայում եւ Աստված չանի, որ որեւէ բացակայողի փոխարեն, որեւէ թաղի խուժան եկել եւ քվեարկել է: Պատասխան են տալու: Հանդուրժել այլեւս չի կարելի: Ժողովուրդ, պիտի միասին ամուր կանգնենք եւ չընկրկենք: Իրենց ուզածն էլ հենց հուսալքված քաղաքացին է, որ իրենց ուզածին հասնեն»:

Նաիրա Զոհրաբյանը խոսեց նաեւ սոցիալ-տնտեսական խնդիրներից, մանր եւ միջին գործարարության զարգացման խոչընդոտներից, արտագաղթից` վստահեցնելով, որ եթե իշխանությունը լուծած լիներ կամ ի վիճակի լիներ լուծելու այդ խնդիրներն, այսօր քվե ստանալու համար չէին զբաղվի մարդկանց ահաբեկելով, ցուցակներ կազմելով, ուսուցիչներին չէին ստորացնի` նրանց պարտադրելով ժողովներ անցկացնել եւ ՀՀԿ-ի քարոզը տանել. «Նախօրեին ինքս հանդիպել եմ այդ դպրոցներից մի քանիսի ուսուցիչների, տնօրենների հետ: Մարդիկ լաց են լինում, ասում են` ի՞նչ անենք, եթե ցուցակներ չտանք, մեզ աշխատանքից կազատեն: Հանդիպել եմ բազմաթիվ մարդկանց, ովքեր ասում են` չգանք ձեր հանդիպմանը, քանի որ ամենքս մի փոքր բիզնես ունենք, վախենում ենք, քանի որ ասել են՝ եթե գնաք ԲՀԿ-ի հանդիպմանը, գործազուրկ եք դառնալու: Բայց դուք իմացեք, որ մեր ձայնը ձեզ ենք տալու, միայն հրապարակային չերեւանք, քանի որ ճնշումներ կան»:

Զոհրաբյանը գտնում է, որ իրապես գործ արած քաղաքական ուժը անգամ քարոզչություն անելու խնդիր չէր ունենա, նրա կատարած գործերը հենց իր քարոզչությունը կլինեին, քանի որ հայաստանցիները շատ լավ տարբերում են իրական գործ անողին` թալանողից: Զոհրաբյանն այն կարծիքին է, որ իշխանավորներն իրականում շատ լավ էլ գիտեն, որ իրենց իրական նպատակը սեփական կլանի բարեկեցությունն ապահովելն է ու վստահության քվե են կրկին պոկում` երրորդ-չորրորդ սերունդների ապագան ապահովելու համար, ինչը, հաճախ անում են Հայաստանի սահմաններից դուրս, քանի որ այդ աստիճան թալանել են Հայաստանը:

Նաիրա Զոհրաբյանը կոչ արեց օգտագործել ՀՀԿ-ի քաղաքական մենաշնորհը կոտրելու, իրավիճակը դեպի լավը փոփոխելու այս վերջին շանսը, քանի որ մյուս հերթական ընտրություններն արդեն 2017-ին են, իսկ մինչ այդ տիկին Զոհրաբյանը վստահ չէ, որ Հայաստանում մարդ կմնա ու աղքատությունն էլ չի ուտի երկիրը:

«Այսօր արդեն բազմաթիվ ահազանգեր կան, որ տարբեր օլիգարխ-պատգամավորների սուպերմարկետների նկուղների վրա բերել եւ գրանցել են մարզերի բնակիչներին: Քիչ առաջ Աջափնյակից ենք ահազանգ ստացել, որ ութ հազար ապարանցի բերել եւ գրանցել են Աջափնյակում, որոնք մայիսի 5-ին պիտի գնան եւ ընտրեն որպես երեւանցի: Անհարմար է: Եթե այսքան հզոր եք, այդքան ուժեղ եք, եթե կարծում եք, որ երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծել եք, ինչո՞ւ եք դիմում ամենախայտառակ քայլերի: Ամեն տան վրա 40-50 մարդ է գրանցված մարզերից»,- ահազանգեց Նաիրա Զոհրաբյանը` հավելելով, որ այսօր անգամ Երեւանի ընտրություններից չի ցանկանում խոսել, քանի որ առավել գլոբալ հարց կա` Հայաստանում օրինականությունը վերականգնելը եւ օրինական իշխանություն հաստատելը:

Տիկին Զոհրաբյանը կարծում է, որ Երեւանի քաղաքապետն ինչքան էլ ցանկանա որեւէ հարց լուծել չի կարող, քանի որ կատարելու է այն հրահանգները, որոնք նրան տալու է վարչապետը. «Վարչապետը կանչում ասում է` էս տենդերը սրան կտաս, էն` նրան, ու ինքը ոչինչ անել չի կարող, եթե անգամ իրապես լավ մարդ է եւ բարի նպատակներ ունի»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930