Նա «Թեղուտ» ՓԲԸ-ի աշխատակիցներին առաջարկում է խոսքից գործի անցնել:
Այսօր Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի շինարարության և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի շահառուների ներգրավման պլանի շրջանակներում Լոռու մարզի Թեղուտ համայնքում հանդիպում էր կազմակերպվել «Թեղուտ»ՓԲԸ-ի եւ Թեղուտ ու Շնող համայնքների ազգաբնակչության, ընկերության աշխատողների, ինչպես նաեւ տարբեր Հ/Կ-ների հետ:
Հանդիպման ընթացքում խոսվեց ազդակիր համայնքներում ընկերության սոցիալական քաղաքականության առաջնահերթությունների մասին, անդրադարձ կատարվեց նաեւ «Մանես» բարեգործական հիմնադրամի գործունեությանը:
«Մենք եկել ենք այստեղ, որպեսզի նրանք, ովքեր տեղյակ չեն հիմնադրամի գործունեության մասին, տեղեկանան, ինչպես նաեւ այս հանդիպման ժամանակ լսենք մասնակիցների առաջարկությունները»,-ասաց «Թեղուտ» ՓԲԸ փոխտնօրեն Գագիկ Արզումանյանը:
Կարդացեք նաև
Հավաքված բնակիչներն իրենց մտահոգությունները հայտնեցին հանքի շահագործման հետ կապված, հանդես եկան առաջարկներով: «Ես խնդրում եմ, որ առաջիկա տարիների համար Շնող եւ Թեղուտ գյուղերի համար առարկայական ծրագրեր մշակեք, ժամանակացույց, որպեսզի կոնկրետ իմանանք, թե որ տարին ինչ է նախատեսված եւ ինչ պիտի արվի, նստեք ռեալ մշակեք, եթե մենք մտահոգ ենք, եթե մենք ուզում ենք գործ անենք, եկեք դուրս գանք խոսքից, գործնական քայլեր անեք, քանի որ մինչ օրս շահելու բան չենք տեսել, մի հատ երեւացող արված բան, որ տեսնենք, չենք տեսնում»,-իր առաջարկով հանդես եկավ Շնող համայնքի ղեկավար Հովիկ Սահակյանը:
«Այս հանդիպման նպատակներից մեկն էլ առաջարկների փաթեթ, գործողությունների ժամանակացույց կազմելն ու բնակչության հետ համաձայնեցնելով դա կյանքի կոչելն է»,-իր խոսքում նշեց «Վալլեքս» խմբի ընկերությունների մամուլի խոսնակ Վահրամ Ավագյանը:
Թեղուտ համայնքի ավագանու անդամ Ավետ Ավետյանն էլ իր մտահոգություններն արտահայտեց` բարձրաձայնելով, որ գյուղացիները զրկված են հող մշակելու հնարավորությունից: «Խնդիրն այն է, որ այսօր գյուղը շրջափակվել է փշալարերի մեջ, այսինքն` մենք մնացել ենք բլոկադայի մեջ. այն մարդիկ, ովքեր ինչ-ինչ պատճառներով աշխատանքից ազատվում են, նրանք այլեւս չունեն ոտքի կանգնելու հնարավորություն: Տարածքներ չկան, որտեղ կարողանան հող մշակել, Թեղուտի մշակման ենթակա հողերի 80 տոկոսը այսօր գտնվում է գետի ձախ ափին, ինչն էլ «Թեղուտ» ՓԲԸ-ի տարածքն է: Նաեւ ինչու նույն հաստիքով աշխատող մարդիկ ստանում են տարբեր չափի աշխատավարձեր»,-ընկերության աշխատակցիներին իր հարցերն ուղղեց ավագանու անդամը:
Վահրամ Ավագյանն էլ, ի պատասխան ավագանու անդամին, նկատեց, որ ընկերությունը շահագրգիռ է, սրտացավ է այն հարցով, որ իր գործունեությամբ պայմանավորված որեւէ այլ անձի որեւէ տեսակի գործունեություն չսահմանափակվի. «Որպես հարցի լուծման այլընտրանքային եղանակ` տվալ անձանց առաջարկվել է մեկ այլ հողատարածք, որպեսզի նրանք հնարավորություն ունենան իրենց գյուղատնտեսական գործունեությունը շարունակել»:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ