Լրահոս
Օրվա լրահոսը

Վ. Օսկանյան «Առաջին տեղում ես եմ, քաղաքապետի հավակնորդը ես եմ, մնացածն արդեն երկրորդական է»

Ապրիլ 29,2013 19:47

«Եթե Երևանի քաղաքապետի պաշտոնը դիտարկենք և ընկալենք այնպես, ինչպես իշխող կուսակցությունն է ներկայացնում, զուտ կենցաղային  խնդիրների լուծմամբ զբաղվող մի մարմին, ապա ես այդտեղ տեղ չունեմ»,-այսօր Մեդիա կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Երևանի քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորող, նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինքն արդյոք տեղյա՞կ է Երևան քաղաքի հիմնախնդիրներին:

Շարունակելով միտքը` նա նշեց. «Իշխող կուսակցությանն այդպես է պետք ներկայացնել և քաղաքապետի պաշտոնում դնել մարդ, որը կանի այն, ինչ իրենք են ասում: Ցավը դրա մեջ է: Բայց մենք քաղաքապետի ընտրություններին նայում ենք բոլորովին այլ տեսանկյունից: Սա և′ քաղաքական, և′ տնտեսական նշանակության, և′ բնականաբար նաև քաղաքային նշանակության ընտրություն է: Վերջիվերջո երևանցիների առաջ ծառացած խնդիրներին լուծում պիտի տրվեն, որոնք խոստացվել, բայց առ այսօր լուծում չեն տրվել: Եթե կարողանում ես գաղափարախոսությունը փոխել, կառավարումը ճիշտ ճանապարհի վրա դնել, քաղաքին նայել ոչ միայն որպես ՀՀ բնակիչների, այլև ողջ հայության մայրաքաղաքի, քաղաքին վերաբերվել որպես ՀՀ տնտեսության գլխավոր շարժիչ ուժերից մեկի,  որ Երևանով էլ կարելի է երկրի զարգացմանը խթանել, այն ժամանակ ընկալելի կլինի, թե ինչու տասը տարի արտգործնախագահ եղած մարդը պիտի ուզենա հավակնել քաղաքապետի պաշտոնին»:

Հարցին՝ ճիշտ չէ՞ր լինի նախ մասնակցել նախագահական ընտրություններին, հետո արդեն քաղաքապետի,Վ. Օսկանյանն այսպես պատասխանեց. «Այն որոշումը, որ ԲՀԿ-ն կայացրեց, ադեկվատ էր: Այսօր մեր երկրի զարգացման հիմնական խոչընդոտը քաղաքական մենաշնորհն է: Իսկ առաջին հնարավորությունը մենաշնորհը կոտրելու՝ մայիսի 5-ի ընտրություններն են»:

Քաղաքապետի՝ ՀՀ նախագահից կախվածության և մասնավորապես Սերժ Սարգսյանի՝ «Սիրուն չէ, Տարոն» արտահայտության առիթով Վ. Օսկանյանն ասաց. «Երբ քաղաքապետը նույն կուսակցության անդամ է, այն, ինչ որոշում է ՀՀԿ գրասենյակը, կիրառվում է ողջ հանրապետության համար: Եթե քաղաքապետը լիներ ԲՀԿ ներկայացուցիչ, ՀՀԿ-ի գրասենյակում որոշվածը չէր տարածվի քաղաքապետի վրա և ինքնուրույն կառաջնորդվեր երկրի ու ժողովրդի շահերի տեսանկյունից»:

Դառնալով Լ. Տեր Պետրոսյանի՝ բուրժուադեմոկրատական հեղափոխության իրականացման հեռանկարին, պարոն Օսկանյանն ասաց. «Ես կուզենայի, որ ՀՀ-ում լիներ նորմալ քաղաքական մթնոլորտ, ոչ թե թշնամական: Նրանք, ովքեր հակադրվում են իշխանությանը, պետության թշնամիները չեն: Իշխանությունն իրեն համարում է պետության տերը, կարծում է, թե իշխանությունը ժառանգել է, հետո կփոխանցի հաջորդ սերունդներին: Այնինչ իշխանություն-պետություն տարբեր բաներ են, դրանք նույնացնելը մեզ կտանի սխալ ճանապարհով: Բայց այսօր նույնացած են:  Մյուս կողմից էլ ընդդիմությունն այն չէ, որ հայտարարում ես, թե ընդդիմություն ես, բայց ամեն քայլ համաձայնեցնում ես իշխանության հետ: Ընդդիմությունն այն էլ չէ, որ  փակում է իշխանության  հետ համագործակցության բոլոր դռներն ու պատուհանները: Ընդդիմությունն այն է, որ անընդհատ ձգտում է իշխանության, բայց երկրի ընդհանուր շահերի լուծման, ազգային նպատակներից ելնելով, համագործակցում է իշխանության հետ: Դրան հնարավոր է հասնել նաև առանց հեղափոխության»:

Պարոն Օսկանյանի համար աբսուրդ է այն, որ քաղաքային ընտրությունների ժամանակ գործում է «քառասուն տոկոս պլյուս տասը տոկոս բոնուսը»: Այս մասին նա վրդովված ասաց. «Եթե այսօր հիսուն տոկոս լիներ, գրազ կգայի, որ Հանրապետական կուսակցությունը չի հաղթահարի: Բայց ձգտելու են հասցնել քառասուն պլյուսի, որ քաղաքապետ նշանակեն: Կա՞ աշխարհում նման բան, որ մյուս ուժերի ցուցանիշը վաթսուն տոկոս լինի, սակայն քառասուն տոկոսը պետք է նշանակի քաղաքապետ»:

Ի պատասխան այն մեղադրանքների, թե իր իշխանության օրոք էլ բոլոր այն խնդիրները կային, որոնցից այժմ իրենք են դժգոհում, պարոն Օսկանյանն ասաց. «Մեր ժամանակ էլ է եղել, Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ էլ, բայց պիտի խնդիրները ժամանակի ընթացքում վերանան, չէ՞, այնինչ խորանում են: Ուզում եք հայտարարեմ, որ 1991-2008 թվական ՀՀ –ում տիրող բոլոր թերությունների պատասխանատուն ես եմ: Փակենք այդ թեման, ու ես ժողովրդից ներողություն խնդրեմ»: Պարոն Օսկանյանը «իշխանության համար այսքան վատ PR վերջին տարիներին դեռ չէր տեսել»:

Իսկ այն խոսակցություններին, թե ցուցակի առաջին համարն ինքն է, բայց քաղաքապետ է դառնալու Գուրգեն Արսենյանը, Վ. Օսկանյանն այսպես պատասխանեց. «Միայն իմ որոշումից հետո կարելի է այլ թեկնածուի նայել:  Առաջին տեղում ես եմ, քաղաքապետի հավակնորդը ես եմ, մնացածն արդեն երկրորդական է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Բոլոր քննադատություններով հանդերձ, իմ կողմից շատ հարգված Վարդան Օսկանյանը արդյոք չգիտի՞, որ իր ներկայությունը, իր հանդեպ հերթական ավանտյուրյա է՝, թիմակիցների կողմից:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930