«Բարեւ Երեւանի» քարոզարշավը՝ Աջափնյակ համայնքում:
Այսօր Աջափնյակ համայնքում բնակիչների հետ հանդիպմանը Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց. «Մենք վստահ ենք, որ մայիսի 5-ին, ինչպես դուք տվեցիք վստահության ձեր քվեն, դուք հավատացիք, նույնպես մի քանի ամիս անց, երբ ուրիշները հարցազրույցներ են տալիս, մեկը մյուսին խփում է, ցեխ է արձակում, «Ժառանգությունից» ու «Բարեւ Երեւանից» դուք նման բան չեք լսի: Դուք կլսեք գործ՝ հին Երեւանի ամենալավ ավանդույթների շարունակում եւ նոր Երեւանի ստեղծում: «Բարեւ Երեւանը»՝ համար 3-ը, տարբերվում է բոլոր մյուս կուսակցություններից: Բացեք ցուցակները, նայեք դեմքերին, կենսագրությունները, եւ կտեսնեք, որ «Բարեւ Երեւանը» ներկայացնում է ձեզ որակը, ազնվությունը, պարկեշտությունը, հաշվետվությունը՝ ձեր առջեւ կանգնելու առանց որեւէ վախի: Եթե Աջափնյակն ուզենա իր խոսքն ասել, ինչպես ասաց փետրվարի 18-ին, կունենաք ավագանի եւ քաղաքապետ: Հենց այստեղից կպահանջեք, կասեք՝ դուք խոստացաք, դե տվեք: Մի բան ես ձեզ խոստանում եմ փետրվարի 18-ի ձեր հաղթանակից հետո, որ մայիսի 5-ին «Բարեւ Երեւան» դաշինքը ձեր ընտրությամբ տանելու է ընտրության քանակը, որակը, եւ որեւէ մի որոշում չի կայացելու Երեւանը՝ առանց ձեզ»:
Արմեն Մարտիրոսյանն էլ նշեց, որ ինքը ծնվել եւ մեծացել է Աջափնյակ համայնքում, եւ այնտեղի խնդիրները իրեն հարազատ են. «Ֆուչիկի փողոցն այսօր դարձել է ըստ էության միջպետական ճանապարհ եւ այնտեղ հաճախ խցանումներ են առաջանում: Աջափնյակի խնդիրների մի մասը նույնն է, ինչ Երեւանինը»:
Արմեն Մարտիրոսյանը նաեւ ասաց, որ Երեւան քաղաքի ռեսուրսները ծառայել են միայն մի խմբի հարստացմանը. «Մենք միանշանակ ունենք այդ կամքը, մաքուր, սպիտակ ձեռքերը՝ այդ փոփոխությունները կատարելու: Մեր ցուցակի մաքրությունն է, որ մեզ հնարավոությունն է տալու այդ գործը կատարելու: Եթե իրական ընտրված ավագանի լինի, ապա միանշանակ այնպիսի որոշումներ պետք է կայացնի, որ ի նպաստ լինի քաղաքացիների»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ