Այսօր ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ գրող, հրապարակախոս Բակուր Կարապետյանի «Շուշեցու հիշատակարանը» պատմավեպի շնորհանդեսը:
«Պատմավեպի հիմքում շուշեցի Ռուբեն Սարգսյանի կենսագրությունն է, ապրած կյանքը: Գիրքը սկսվում է Շուշիի 1920թ. մարտի 23-ի հրկիզումից ու կոտորածից, անցնում կոլտնտեսային շարժման ու գյուղի կոլտնտեսության նախագահության տարիներին, նկարագրում է Հայրենական մեծ պատերազմը, գերությունը Ղրիմում, համակենտրոնացման ճամբարները, փախուստը, հույն պարտիզանների հետ Հունաստանի ազատագրական պայքարին մասնակցությունը, վերադարձը հայրենի գյուղ, ապա աքսորը ղազախստանյան Կարագանդայի ճամբար, նորից վերադարձը հայրենի գյուղ… Հերոսը ապրել, մաքառել է, ի վերջո հաղթող է դուրս եկել, ինչպես հայրենի Շուշի բերդաքաղաքը, Չափար գյուղը, Արցախը, Հայաստանը…»,-ներկայացնելով գիրքը` ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը:
ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը փաստեց, որ Բակուր Կարապետյանը թղթին եւ կինոժապավենին է հանձնել այն ամենը, ինչ տեսել ենք տասնամյակներ շարունակ. «Հպարտ եմ, որ Բակուրին միայն վերջին տարիներին ճանաչեցի: Երկար զրույցներից հետո ինձ պարզ դարձավ նրա մարդկային մեծությունը: Նա ոչ միայն գրող է, հրապարակախոս եւ լրագրող, այլեւ մեր ժողովրդի իրական զավակը, որն ամեն ինչ իր միջով է անցկացնում եւ ապրում ամեն ինչի հետ: Ապագա սերունդների համար նա մեծ աշխատանք է անում»:
Բակուր Կարապետյանի վերջին ստեղծագործություններից Ռուբեն Սաֆրաստյանը ընդգծեց «Սումգայիթյան օրագիր, 27 մարտի-5 ապրիլի, 1988» գիրքը. «Կարդալով այն` երիտասարդները կհասկանան, թե ինչ ծանր հարված ստացավ ժողովուրդը Սումգայիթում: Ցեղասպանություն ապրած ժողովուրդը երկրորդ անգամ կանգնեց վտանգի առջեւ: Այդ կարեւոր աշխատությունը ցույց է տալիս մեր հակառակորդների դաժանությունն ու նենգությունը»:
Կարդացեք նաև
«Կարեւոր ժամանակահատվածներ կան, որոնք պետք է ներկայացնել պատմավեպի տեսքով: Գրքում ներկայացված ժամանակահատվածից հասկանալի պատճառներով մեր գրողները խուսափել են: Իհարկե, տեսնում էի դժվարությունը, որովհետեւ մեծ աշխատանք պետք է կատարեի եւ հազարավոր էջեր նայեի ու ուսումնասիրեի»,-ասաց Բակուր Կարապետյանը: Նա նշեց, որ բոլոր հերոսներն իրական մարդիկ են, որոնցից ոմանք այսօր էլ կենդանի են. «Կարելի է ասել, որ Չափար գյուղն էլ է ապրել այս գրքով եւ շատ նյութեր տրամադրել»:
Հեղինակը տեղեկացրեց, որ գրքի հերոսների երկխոսությունների մի մասն արցախյան բարբառով է. «Չափարյան խոսվածքը չորս տարբեր խոսվածքների խառնուրդ է»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Հանճարեղ եք, ձեզնից ով էլ հանճարեղ չի, գոնե տաղանդավոր է: