Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ոստիկանության աշխատակիցներ Խաչիկ Բախբուդարյանի եւ Արտակ Բարսեղյանի դեմ հարուցված քրեական գործով դատական քննությունը:
Օպերատիվ աշխատակիցները մեղադրվում են ոստիկանության բաժնում Ռոբերտ Հովսեփյանին բռնության ենթարկելու եւ պաշտոնական կեղծիք թույլ տալու համար:
Այսօր դատարան էր ներկայացել անցյալ տարվա հոկտեմբերի 4-ին ոստիկանության Կենտրոնի բաժին տուժողի՝ Ռոբերտ Հովսեփյանի հետ, 5 հոգու հետ բերման ենթարկված Քերոբ Սիմոնյանի հորեղբայրը՝ Սանթուր Սիմոնյանը: Ըստ հորեղբոր, իր եղբոր որդին հիվանդ տղա է, 6 անգամ նախկինում դատված, եղել է թմրանյութից կախյալ, ընկերներ չունի, եւ իր տեսակն այնպիսին է, որ որեւէ մեկը չի կարող նրա հետ ընկերություն անել:
Նրան տիրություն է ամեն անգամ արել իր հայրը՝ պապը, երբ Քերոբին տարել են ոստիկանություն: Նշյալ օրն էլ չգիտես ինչու պապին զանգելու փոխարեն, Քերոբն իրեն է զանգել ոստիկանության բաժնից եւ ասել, որ գտնվում է այնտեղ: Ըստ վկայի, ինքը այդ մասին հայտնել է հորը, ու դրանից հետո տեղյակ չի, թե ինչ համար էին տարել բաժին, որտեղ է առհասարակ ապրում, գոյատեւում իր «հիվանդ» եղբորորդին:
Կարդացեք նաև
Վկան հայտնեց նաեւ, որ Քերոբին վերջին անգամ տեսել է 7 օր առաջ, եւ նոր բուժման մեջ է, թե որտեղ է բուժվում, ինչի համար, տեղյակ չէր:
Հաջորդ վկան՝ կոչումով կապիտան, Էրեբունու քննչական բաժնի օպեր-լիազոր Սամվել Առաքելյանն էր, որը նախկինում աշխատել է ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում, որպես ավագ օպեր-լիազոր:
Նա հայտնեց, որ հոկտեմբերի 4-ին տեղեկացել է, որ Քերոբ Սիմոնյանին, Ռոբերտ Հովսեփյանին, եւս երեք հոգու բերել են ոստիկանության բաժին, գողության կասկածանքով:
Բերման ենթարկվածներից ճանաչել է Քերոբ Սիմոնյանին, քանի որ համագործակցել է նրա հետ.նա գործակալ է եղել: Ի դեպ, այս մասին օպերատիվ աշխատողն առաջին անգամ հայտնեց դատարանում, եւ մեղադրանքը պաշտպանող դատախազ Ջոն Ֆարխոյանի հարցին էլ, թե ինչո՞ւ նախաքննության ժամանակ այդ մասին չի հայտնել, վկան ասաց, որ չի ցանկացել, որ նախաքննական մարմինը իմանա այդ մասին: Նշենք, որ նախաքննությունն իրականացրել է Հատուկ քննչական ծառայությունը:
Այս գործով տուժող Ռոբերտ Հովսեփյանի մասին, որ նա գողություններ է կատարել Թումանյանի, Աբովյանի, Սայաթ-Նովա փողոցներում տեղակայված շենքերի բնակարաններից, վկա-ոստիկանին հայտնել էր Քերոբը:
Ի դեպ, տուժող Ռոբերտ Հովսեփյանը դատարանում իր ասելով ճանաչեց «գոնչո գլխով» մարդուն, ինչի կապակցությամբ պաշտպանական կողմը դատարանի ուշադրությունը հրավիրվեց «տուժողի» վարքագիծը:
Այս «տուժողն» էլ հայտնել էր, թե իրեն բերման են ենթարկել ոչ թե հոկտեմբերի 4-ին, այլ մեկ օր առաջ, որ իրեն բացի ամբաստանյալներից, բռնությունների է ենթարկել եւս մեկը, որի արտաքին տվյալները այս վկային էր նմանեցրել:
Վկային հարցրեցին, թե արդյոք, բաժնում կանացի հագուստներով տղաների տեսե՞լ է, վկան ժխտեց:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը Քերոբ Սիմոնյանի, եւս երկու անձի համար կայացրեց բերման որոշում:
Դատական նիստին հետեւում են Կենտրոնի ոստիկանության աշխատակիցները, ինչպես քաղաքացիական, այնպես էլ ոստիկանի համազգեստներով: Նրանք դատարան բերված իրենց ընկերներին դիմավորեցին ծափերով:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 10-ին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ