Aravot.am-ի հարցին, թե քարոզարշավը մոտենում է ավարտին, արդեն հաշվե՞լ եք, թե ՀՀԿ-ն որքան գումար է ծախսել Երեանի ավագանու քարոզարշավն իրականացնելու համար, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ այդ գումարները դեռ ծախսվելու են մինչեւ քարոզարշավի վերջը եւ երբ քարոզարշավն ավարտվի, կհրապարակվի օրենքին համապատասխան»:
Պարոն Մինասյանը ընդհանուր առմամբ դրական է գնահատում քարոզարշավի ընթացքը, բացառություններ համարելով վերջին օրերին լրագրողների նկատմամբ կատարված բռնության մեկ-երկու դեպքերը. «Այն մթնոլորտը, որը ձեւավորվել է, թույլ է տալիս մտածելու, որ ընտրությունները կանցնեն ավելի նորմալ պայմաններում, չեն լինի դրսեւորումներ, որոնք ստվեր կգցեն ընտրական գործընթացի վրա»:
Գագիկ Մինասյանը ՀՀԿ-ի` քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի աշխատանքը լավ է գնահատում, ըստ նրա, դրական տեղաշարժեր արձանագրվել են նրա ղեկավարության տարիներին: Հարցին, թե ինչն է այսօր խանգարում, որ ունենանք ավելի լավ Երեւան, ինչպես որ ասվում է ՀՀԿ-ի կարգախոսում, պարոն Մինասյանը թվարկեց` կանաչապատման, նոր ճանապարհների, քաղաքային տրանսպորտի, համատիրությունների, շքամուտքերի խնդիրները:
Ըստ պարոն Մինասյանի, այս ընտրությունները նրանով են տարբերվում, որ ներկայացված են բոլոր քաղաքական ուժերը եւ մրցակցությունը բերում է նրան, որ թեկնածուներն ավելի լավ ծրագրեր ներկայացնեն:
«Մյուս ուժերն իրենց քարոզարշավին ավելի շատ քննադատում են ՀՀԿ-ի կատարված աշխատանքները, դա իրենց գործն է, թող անեն»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է չստցված դաշինքին, որը ավագանու ընտրություններին
պետք է ձեւավորեին մյուս քաղաքական ուժերը, պարոն Մինասյանն ասաց, որ որպես քաղաքական գործիչ, ինքը կողմ է դաշինքին, սակայն, ըստ նրա. «հավանաբար կան ինչ-որ անլուծելի խնդիրներ, այդ պատճառով չի կայացել»:
Պարոն Մինասյանի կարծիքով, ԲՀԿ-ի գործունեությունը ընդդիմադիր դաշտում էապես նվազեցնելու է մյուս ընդդիմադիր քաղաքական ուժերի ձայները:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ