«Առաջինը, ինչ զգում եմ, երբ այստեղ ոտք եմ դնում, ամոթն է»,- ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում մեզ հետ զրույցն այսպես սկսեց երգիչ Դավիթ Ամալյանը:
Նա ապրիլի 27-ին այստեղ էր Թաթուլ Կրպեյանի ծննդյան առիթով Արցախի ազատագրված տարածքում կազմակերպված միջոցառման շրջանակներում: «Կարեկցանքի, աջակցության, մարտականության զգացումս է արթնանում: Ամոթ եմ զգում, որ ես այստեղ չեմ: Անկեղծ ասած նախանձում եմ նրանց, ովքեր իրենց մեջ ուժ են գտել այստեղ ապրելու: Ես պետք է անկեղծ լինեմ ու ասեմ, որ պարզապես ֆիզիկապես այստեղ լինել չեմ կարող»,- ասում է Արցախյան գոյամարտի մասնակից արվեստագետը:
Նա ցավով է ամեն անգամ նայում Արցախի ազատագրված տարածքներում ապրող մարդկանց խնդիրներին. «Այստեղի խնդիրը սոցիալական չէ: Ոգեւորություն չկա: Ես այս տարածքներ հաճախ եմ գալիս, ու էստեղ ապրողներն ինձ առավել շատ հոգեհարազատ են, քան Երեւանում ապրող իմ հարազատները: Ես կուզեի առաջինը այստեղ, հենց այստեղից սկսվեր ցիվիլիզացիան, քաղաքակրթությունը, նորագույն տեխնոլոգիաների համար էլ էստեղ ճանապարհ հարթվեր: Ի վերջո ոչ ոքի չես կարող մեղադրել, որ իր երեխան ուզում ա դաշնամուր նվագել»,- ասում է Դավիթ Ամալյանը:
Կարծում է՝ տարատիպ միջոցառումները, ակցիաները ազատագրված տարածքներում ապրող մարդկանց կտան հոգեւոր սնունդ, որը կարճ կտեւի. «Ես ինքս այստեղ համերգներ շատ եմ կազմակերպել, բայց ինձ համար կարեւորն այս ակցիաները չեն, այլ պայմաններ ապահովելը, որ այս մարդիկ այստեղ ստիպված չապրեն,- ասում է նա, ավելացնում,- մի քանի ամիս է՝ չէի եղել այստեղ, բայց այսօր եկա ու շատ երեխաներ տեսա: Վերջին շրջանի քաղաքական ամեն ինչը՝ իշխանություն-ընդդիմություն՝ իր զիբիլներով, աչքիդ փոշիանում է, երբ տեսնում ես՝ էստեղ երեխա կա… ես խոնարհվում եմ այդ երեխեքի համար ու ամաչում…»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ