Հայաստանի պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը մի առիթով նշել էր, որ ավագանու ընտրություններում ժողովրդի ընդդիմադիր հատվածին առաջնորդելու բարոյական իրավունքը վաստակել են միայն Պարույր Հայրիկյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը ու մանրամասնել. «Մյուսները, որոնք հանդես են գալիս ընդդիմադիր կեցվածքով, սակայն ընդամենը երկու ամիս առաջ չհանդգնեցին նախագահի ընտրություններին մասնակցել, իմ աչքում բարոյապես զիջում են նույնիսկ իշխանությունն ուզուրպացրած կուսակցությանը և իրացնում են ընդամենը մեկ առաքելություն՝ թույլ չտալ, որ կրկնվի պարոն Հովհաննիսյանի 37 տոկոսանոց ցուցանիշը»:
Aravot.am-ը պարոն Հայրապետյանից հետաքրքրվեց`ի՞նչ հիմքեր ունի նման կարծիք արտահայտելու` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ նշվում է, թե մյուս ընդդիմադիր ուժերի` ավագանու ընտրություններին մասնակցության պարագայում «Ժառանգությունը» դեռ պետք է ապացուցի իր 37 տոկոսանոց ցուցանիշը: Նա պատասխանեց. «Նախ՝ հայաստանյան «քաղաքական դաշտում» ընդդիմության առաջատարի դերը ստանձնելը ստիպում է ընդդիմադիր ուժերին, որ չեզոքացնեն պարոն Րաֆֆի Հովհաննիսյանի 37 տոկոսանոց ցուցանիշը եւ հասարակությանն ապացուցեն, թե դա պայմանավորված էր նախագահական ընտրություններին իրենց չմասնակցությամբ: Երկրորդ՝ այդ 37-ի նվազեցումը մասամբ բխում է նաեւ Սերժ Սարգսյանի շահերից. նա դրանով կփորձի ավելացնել սեփական լեգիտիմության չափաբաժինը: Սակայն վիճակը շատ նուրբ է. հնարավոր է, որ այդ 37-ի խիստ նվազման պարագայում, ի տարբերություն Րաֆֆի Հովհաննիսյանի, իշխանության համար ավելորդ գլխացավանք առաջացնեն ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը, որոնց ախորժակը եւ պայքարի կոպիտ մեթոդոլոգիան ժամանակով են փորձված»:
Պարոն Հայրապետյանը նաև նշել էր, թե անկախ նրանից`«իշխանությունները որքան ձայն կկեղծեն ի վնաս «Բարև, Երևանի», և ժամկետանց կամ տնաբույս ընդդիմադիրները որքան ձայն կխլեն «Բարև, Երևանից»՝ հերթական ծառայությունը մատուցելով վարչախմբին», Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքակիրթ հարաբերության տրամաբանությունը խաղի նորմ դառնալու հայտ է ներկայացրել: Մ. Հայրապետյանից խնդրեցինք ներկայացնել` ո՞րն է այն տրամաբանությունը` համաձայն որի նա կարծում է, որ Ր. Հովհաննիսյանի քաղաքակիրթ հարաբերության տրամաբանությունը խաղի նորմ դառնալու հայտ է ներկայացրել: Այս մասին էլ մեր զրուցակիցն ասաց հետևյալը. «Պարոն Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքակիրթ ոճը հասարակության աչքում գրեթե զրոյացրեց Երրորդ Հանրապետության բոլոր ժամանակների ընդդիմադիրների բիրտ ուժի մեթոդը: Հասարակության համար պարզ դարձավ, որ անգամ ամենաանզիջում պայքարի դեմ իշխանությունը կարող է հրասայլեր հանել, կրակել, սպանել, ուստի ելքն ամենեւին էլ պայքարի անզիջումության մեջ չէ. արդյունքը նույնն է, մի կողմից՝ Վազգեն Մանուկյանի, Ստեփան Դեմիրճյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի, մյուս կողմից՝ Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարների, այսինքն՝ իշխանափոխություն Հայաստանում հնարավոր չէ ո՛չ ընտրություններով, ո՛չ ապստամբության նմանվող հուզումներով: Այս դեպքում հասարակության համար գերադասելի է դառնում նույն անհետեւանքությանը հանգող խաղաղ ընդվզումը, որի կոսմետիկ առավելություններն ակներեւ են. նախ՝ զոհեր չկան, երկրորդ՝ իրականանում է գիտակցական հեղափոխության պես մի բան, որը երբեւէ, կանդիցիայի հասնելով, կարող է հաջողության հանգեցնել: Հասարակական այս ընկալումը որսում են նաեւ այսօրվա ընդդիմադիրները եւ պարտավորված են զգում փոխելու իրենց պայքարի 20-ամյա տրամաբանությունը, այլապես՝ ընդհանրապես կմարգինալանան: Դրա համար նախ պարտավոր ենք շնորհակալ լինել լուսահոգի Կարեն Դեմիրճյանին, ապա՝ Րաֆֆի Հովհաննիսյանին, ովքեր նախագահական ընտրություններից հետո մի քանի քայլ հաշվելու բացառիկ ընդունակություններ դրսեւորեցին՝ չտանելով տոտալ բախումների, քանի որ «100 տոկոսով էլ հաղթելու դեպքում» իշխանությունը չի հանձնվելու: Այստեղ երկու ելք կա. նախ՝ պալատական հեղաշրջում, երկրորդ՝ աշխարհաքաղաքական բեւեռների տեւտոնիկ տեղաշարժ: Առաջինը փորձարկվել եւ ավարտվել է ողբերգությամբ, իսկ երկրորդի ծայրը դեռ չի երեւում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև
Որպես արժեք այն ինչ խրախուսվում է, ամբողջությամբ համաձայն եմ, սակայն հետևություներն ու
սպասվելիքների հարցերում ունեմ լուրջ վերապահումներ:
Ամեն դեպքում ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ սրանց տեսնել ու լսել չեմ ուզում:
Այսօրվա դաշնակցական վերնախավի 99% հանուն աթոռի շատ բան կծախեն, շատ ցավալի է այս փաստը: ՀԱԿ, ԲՀԿ ասելիք չկա, անիմաստ է սրանց մասին դատողություն անելը;
Տխուր է մեր վիճակը, չկա մի ընդիմադիր, որին մի քիչ հավատամ, մի քիչ վստահեմ ու նաև մի քիչ
կարող ուժ համարեմ: Հենց հիշում եմ ասենք Անահիտ Բախշյանին ….. էլ ինչ Ժառանգություն:
Էհ….