Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Միջազգային պարային խորհրդի նախագահ Ալկիս Ռաֆտիսի հետ: Շնորհավորելով մասնագիտական տոնի՝ պարի միջազգային օրվա կապակցությամբ, Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել Ալկիս Ռաֆտիսին մասնագիտական տոնը Երևանում նշելու համար և հույս է հայտնել, որ մինչ օրս հայաստանյան պարախմբերի միջազգային ելույթներով Հայաստանի մասին ունեցած լավ տպավորությունները էլ ավելի կամբողջանան երևանյան այցով. «Երևանը բազմաթիվ պետական ու մասնավոր պարախմբեր ունի և մեր սաները մասնակցելով միջազգային մրցույթներին ու փառատոններին շատ հաճախ Հայաստան են վերադառնում պատվաբեր մրցանակներով: Երևանի քաղաքապետարանն էլ իր հերթին, հաշվի առնելով նաև մեր 2794-ամյա քաղաքի մշակութային հարուստ ավանդույթները, մշտապես աջակցել ու խթանել է Երևանում մշակութային կյանքի աշխուժացմանն ու զարգացմանը»,- նշել է Տարոն Մարգարյանը և ընդգծել, որ Երևանի քաղաքապետարանը սերտ համագործակցում է պարային տարբեր խմբերի հետ՝ նրանց մշտապես ներգրավելով համաքաղաքային միջոցառումներում:
ՅՈւՆԵՍԿՕ-ի Միջազգային պարային խորհրդի նախագահ Ալկիս Ռաֆտիսն էլ իր հերթին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նկատել է, որ Պարի միջազգային օրվան նվիրված երևանյան միջոցառումների կազմակերպչական բարձր մակարդակը արդեն իսկ խոսուն վկայությունն են, որ Երևանն իսկապես մշակութային հարուստ ավանդույթներով քաղաք է ու պատվախնդիր է իր մշակույթը հավուր պատշաճի ներկայացնելու հարցում. «Երկու օր է ինչ Երևանում եմ և իսկապես հիացած եմ ինչպես քաղաքի, այնպես էլ բնակիչների ջերմությունից: Ինձ իսկապես հաճելի է գտնվել Ձեր գեղեցիկ քաղաքում և դրան զուգահեռ նաև արձանագրել, որ իսկապես մեծ աշխատանք է տարվել Պարի միջազգային օրը Երևանում ըստ արժանվույն անցկացնելու համար: Եվ այդ ամենն արդեն իսկ հուշում է, որ տոնն իսկապես կվերածվի տոնախմբության»,- նշել է Ալկիս Ռաֆտիսը՝ նշելով, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը, որպեսզի Պարի ամենամյա միջազգային համաժողովը հաջորդ տարի անպայման անցկացվի Երևանում:
Ի դեպ, Պարի միջազգային օրվա կապակցությամբ մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում, քաղաքապետարանի նախաձեռնությամբ, աշակերտներին մասնագետները հայկական ավանդական քոչարի պարել կսովորեցնեն:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն