Լրահոս
Օրվա լրահոսը

Դատակոչված վկան «Բանդայի գործով» ամբաստանյալին մորուքով չճանաչեց

Ապրիլ 29,2013 14:39

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասութան դատարանում այսօր շարունակվեց մի շարք պաշտոնատար անձանց բնակարաններում ավազակային հարձակումներ կատարելու համար մեղադրվող Արտուշ Հակոբյանի, Քյարամ Ամոյանի, Դավիթ Գալստյանի, Արթուր Մանուկյանի, Արման Դալլաքյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատական հերթական նիստը:

Դատարան էր ներկայացել վկա Վալերի Մանվելյանը, ով հայտնեց, որ իր «Մերսեդես» ավտոմեքենան 10 000 դոլարով վաճառել է մի տղայի: Նախաքննության ժամանակ հայտնել էր անունը՝ Դավիթ: Ըստ այս վկայի, բանավոր պայմանավորվածության համաձայն, իրեն վճարել էին 6000-ը, իսկ մնացած 4000-ը այդպես էլ չէր վճարվել: Վկան դատարանում հայտնեց, որ հեռուստացույցով տեսել է իր մեքենան, եւ «ինչ-որ մարդկանց, որ կալանավորվել էին»:

Ամբաստանյալ Արտուշ Հակոբյանի, որը մեղադրվում է կազմակերպված խումբ ստեղծելու համար, պաշտպան Հովիկ Արսենյանի հարցին էլ, թե ինչու մեքենայի հետ կապված հայց չես ներկայացրել, վկան պատասխանեց, որ իր իրավունքն է, եւ գտել է, որ հարցի լուծում չի կարող լինել այդ հարցում:

bandayi gorc-2

Այս վկան, երբ նրան ցույց տվեցին ամբաստանյալ Դավիթ Գալստյանին, որը մեքենայի գնորդն էր, նա չճանաչեց, ապա զարմացավ, որ Դավիթը փոխվել էր, մորուքով էր:

Նախագահող դատավոր Մխիթար Պապոյանը տեղեկացրեց, որ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունից ստացվել է իրենց հարցմանը պատասխան, մի քանի վկաների գտնվելու վայրի վերաբերյալ: 4 վկաներ՝ Գուժ Աղաբեկյանը, Հովսեփ Հովնանյանը, Աշոտ Հայրապետյանը,

Լիլյա Հովհաննիսյանը հանրապետությունից բացակայում էին: Դատարանը, բացառությամբ Հովսեփ Հովնանյանի, որին ծանուցագիր է ուղարկվել Ռուսաստանի Դաշնություն, հրապարակեց վկաների նախաքննության ժամանակ տրված ցուցմունքները:

Աշոտ Հայրապետյանը եղել է խմբի անդամ հանդիսացած հանգուցյալ Գուրգեն Հայրապետյանի եղբայրը: Նա հայտնել էր, որ Գուրգենն ազատվել է 2010թ. գարնանը, նախկինում դատապարտված է եղել, չի ունեցել աշխատանք, եւ հաճախակի չէին իր հանդիպումները Գուրգենի հետ:

Գուրգենն անգամ իր եղբորը զանգել է փակ հեռախոսահամարներով, միշտ ասել է, թե զբաղված է: Նա երբեք գումար չի տվել եղբորը:

Աշոտ Հայրապետյանը վերոնշյալ խմբի անդամներին չի ճանաչել, Գուրգենի հետ մի քանի անգամ տեսել է Դավիթին:

Վկաներից Լիլյա Հովհաննիսյանի հետ խմբի անդամներից մի քանիսը առնչվել են բնակարանը վարձակալելու դրվագով: Ըստ այս վկայի, բնակարանը վարձակալել են 4 տղաներ: 2011թ. սեպտեմբերին տեղեկանում է, որ ոստիկաններ են գնացել իր բնակարանը, խուզարկություններ են կատարել:

Ըստ այս վկայի, նա ննջասենյակում տոպրակով փամփուշտ եւ տեսաերիզ է հայտնաբերում:

Ամբաստանյալ Քյարամ Ամոյանի դասընկեր Գուժ Աղաբեկյանի ցուցմունքի հրապարակման ժամանակ Քյարամը տեղից ասաց, որ վկան սուտ է գրել: Վկան ցուցմունք էր տվել, որ Քյարամը շարունակ իրենից մեքենա է խնդրել, իսկ երբ իր ընկերոջ քրոջ մեքենան կայանել է պայմանավորված վայրում, երբ գնացել են, որ վերցնեն, իրեն տարել են ոստիկանության բաժին:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 6-ին:

Ի դեպ, այսօր ամբաստանյալներից մի քանիսը դատարանում «զինված» էին թզբեհով, ինչի ձայնը առիթ դարձավ, որ դատավորը նկատողություն անի:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930