Նա հորդորում է Մովսես Շահվերդյանին, որ եթե ասելիք ունի՝ իրեն ասի
Այսօր «Հայացք» ակումբում Aravot.am-ը Րաֆֆի Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է բացատրում ՀԱՍԿ կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանի որոշումը, որ «Բարեւ Երեւանին» չի սատարում, թեեւ Ձեր կողքին էր: Նա պատասխանեց, որ դա առաջին անգամ մեզանից է լսում. «Մովսես է անունը, թե Ժիայր թե Կարապետ, ավելի լավ է ասելիք ունեն, թող ինձ ասեն: Ինձնից ավելի բաց մարդ չեք գտնի: Ես չգիտեմ, գիտեմ, որ «Բարեւ Երեւանը» վերկուսակցական մոտեցում է: Մովսեսը նաեւ հնարավորություն ուներ մասնակցել: ՀԱՍԿ-ը առաջին կուսակցությունն էր, որ պաշտպանեց մեզ, եւ ես դա գնահատում եմ»:
Մենք նաեւ հետաքրքրվեցինք, թե մարզերում այցելությունների ժամանակ ի՞նչ է զգացել՝ արդյոք կա՞ր իշխանափոխության նույն ոգեւորությունը: Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Չունեմ միանշանակ պատասխան, կա լիքը ոգեւորություն՝ Գյումրին, Վանաձորը, Կապանը: Կա մի խավ, որ կարծում է՝ փետրվարի 18-ին քվե տալուց հետո հնարավոր է ինչ-որ հարց լուծել՝ ապրիլի 9-ին ներկայանալով: Այդ մեղավորությունը իմն է: Եթե ես որեւէ մեկին տպավորություն թողեցի, որ կարելի էր մի քայլով իշխանափոխել՝ դա իմ սխալն է: Սա ժողովրդական պայքար է, ոչ փառքը, ոչ մեղքը չի պատկանում ինձ: Շատ շատերին զգում եմ, որ հոգու մեջ կա ինչ-որ մի դատարկ տեղ: Հիմա ակնկալիք կա ժողովրդական, որը չարդարացվեց: Մի դատարկ տեղ: Այդ դատարկ տեղն ինչպես է լցվելու՝ չկա որեւէ պատասխան: Պատասխանը թող ոչ մեկը չմենաշնորհի: Խայտաբղետ է պատասխանը, տարբերակված է: Մեծ քաղաքները, որտեղ քվեն տվեցին ինձ, այնտեղ կա ոգու ուժ, պայքարը շարունակելու հանձնառություն: Ուրիշ տեղ ասում են՝ մենք եկանք ապրիլին 9-ին, ուզեցինք գրոհել, չստացվեց: Այս հակասական զգացումները շատ շատերի մոտ կա: Ես կուզենայի սրա բանաձեւը գտնել, որ մի հատ նստենք, մտածենք՝ ինչպես անել, որ ավելի լավ դուրս գանք այս վիճակից: 5 տարի հետո հաստատ ավելի լավ չի լինելու, եթե այսպես շարունակվի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ