Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանն անկեղծանում է. «Անքուն գիշերներ եմ անցկացրել»

Ապրիլ 29,2013 13:35

Այսօր «Հայացք» ակումբում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց. «Արդեն թեւակոխել ենք Երեւանի ավագանու եւ քաղաքապետի ընտրության վերջին շաբաթը: «Բարեւ Հայաստան» եւ «Նոր Հայաստան» համազգային շարժման ամենաարդիական հանգրվանը այս շաբաթ Երեւանում է: Ես այսօրվանից սկսած կշարունակեմ «Բարեւ Երեւան» դաշինքի բոլոր հավաքներում լինել: Համարում եմ, որ պայքարը պետք է լինի բոլոր հարթությունների վրա՝ առանց հիասթափվելու»: Նա վստահեցրեց, որ «Բարեւ Երեւանը» մայիսի 5-ին հաջողություն է գրանցելու:

«Երբ որ մենք ունենանք այնպիսի Սահմանադրություն ու իրավունք եւ վստահ լինենք, որ Երեւանի քաղաքապետը պետք է ուղղակի ընտրության միջոցով ընտրվի, ես խնդիր չեմ ունենա իմ ձայնը տալու Վահագն Խաչատրյանի, Արմեն Ռուստամյանի կամ մեկ այլ լավ քաղաքապետի»: Նա նաեւ ասաց, որ «Բարեւ Երեւան» դաշինքը միակն է, որ վերկուսակցական է, քաղաքացիական է, մտավորական եւ երիտասարդական է, եւ ինքը առանց պայմանների «Բարեւ Երեւանի» հաղթանակին հավատում է:

Խոսելով շարժման մասին՝ նա ասաց, որ որեւէ մեկը թող իր օրիգինալ միտքը իրեն չվերագի. «Ուղղակի զարմանում եմ, թե ինչպես հայ գործիչները ոչինչ չարեցին փետրվարի 18-ին, հիմա հետադարձով ինչ-որ գնահատական են տալիս: Սա վերաբերում է իմ կողմից հարգված թե քաղաքական, թե քաղաքացիական գործիչներին, Երեւանի քաղաքապետի հավակնորդ նախարարին, ով գնահատում է իմ ձեռքսեղմումը Արմեն Մարտիրոսյանի հետ, ուրիշ գործ չունի: Ե՞րբ պիտի մենք անցնենք այն կողմը լրատվական-վերլուծական դաշտում, երբ չխոսենք ուրիշների մասին: Ամեն մեկը թող ինքն իր մասին խոսի՝ ի՞նչ եք արել, տղե՛րք»:

Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց մի փոքր պարկեշտություն ունենալ. «Ով ուզում է հերթական բոյկոտն անել, թող բոյկոտ անի, ով ուզում է պայքարից դուս գալ եւ նստել ուրիշներին գնահատական անել, թող անի: Ես հույս ունեմ, որ առաջիկա ամիսների եւ տարիների ընթացքում ինչ-որ մի փոփոխություն կգրանցվի: Այս դե ֆակտո ապօրինի, ընտրություն գողացած իշխանությունը 5 տարին չի հանի»:

Րաֆֆի Հովհաննիսյանը շեշտեց, որ ինքը շատ բան ունի ասելու, որ անքուն գիշերներ է անցկացրել՝ ինքն իրեն զրուցելով իրեն քննադատողների հետ: Նա ընդունում է, որ ապրիլի 9-ը կարող է ինչ-որ տեղ լավ կազմակերպված չէր, բայց կարեւորն այն է, որ արյուն չեղավ:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930